copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 14:00 24-10-2025

Ստեփան Ասատրյանը «չի վերականգնվի»․ դատարանը չի կարող եկեղեցու գործերին միջամտել

Սոցցանցերում լայն քննարկման թեմա է դարձել տեղեկությունը, ըստ որի՝ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ քահանա) պատրաստվում է դատարան դիմել իր կարգալույծ արվելու որոշումը կասեցնելու նպատակով։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե արդյոք նման գործընթացն իրավական առումով հնարավո՞ր է, և դատական մարմինները կարո՞ղ են միջամտել եկեղեցու ներքին որոշումներին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արձագանքեց կտրուկ․

«Ախր, անգամ քննարկման առարկա չեմ համարում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ պետությունը միջամտի խորհրդակատարությանը կամ եկեղեցական կարգին վերաբերող հարցերին։ Դա ուղղակի աբսուրդ է։ Անգամ այդ հարցը քննարկելը սխալ եմ համարում։»

Մելիքյանի գնահատմամբ՝ խոսքը ոչ միայն իրավական, այլև տրամաբանական անհեթեթության մասին է․

«Կարող է դիմել նույնիսկ ադրբեջանական դատարան, եթե ուզում է, ինչպես ժամանակին ուզում էր Ալիևին հրավիրել Հովհաննավանք՝ էքսկուրսիա անելու։ Թող դիմի, բայց հայկական իրավունքի տրամաբանությամբ՝ նման բան պարզապես բացառված է։ Որևէ իրավական հիմք ես այնտեղ չեմ տեսնում»,- ընդգծեց իրավապաշտպանը։