Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական եթերով տեղեկացրել է, որ 2026-ի հունվարի 1-ից զինծառայությունը դառնում է 1,5 տարի:
«Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։
Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թ. ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից։
Այսինքն, 2026 թ. հունվարի 1-ից, ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է Փաշինյանը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Oragir.News-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Փաշինյանն իր այս որոշումը 2026-ի ընտրություններում ավելի շատ ձայն ստանալու հնարավորություն է դիտարկում, ասաց, որ հենց այդպես էլ կա։
«Բանականաբար՝ այո։ Ես վստահ եմ, որ էդ որոշման հիմքում որևէ մասնագիտական հաշվարկ չկա։ Ընդհակառակը՝ փաստերը ցույց են տալիս, որ զորավարժության կադրային բազան խիստ սահմանափակվել է, և բանակը համալրման կարիք ունի։ Իսկ այս որոշումն, ըստ էության, բանակի կրճատման մասին որոշում է։ Ես վստահ եմ, որ նման որոշում չէր կայացվի, եթե առջևում չլինեին խորհրդարանական ընտրություններ։ Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այդ թեմային անդրադարձավ, որովհետև երեկ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները իշխանությանը վարկանիշային վնաս էին հասցրել, և այսօր պետք էր մի բան վաճառել ժողովրդի վրա»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։