Ներքին 7 ամիս առաջ - 14:55 21-10-2025

«Շողակաթը» չի գործի, երբ Մայր Աթոռը չաջակցի․ միայն պետության ժուժկալ միջոցները բավարար չեն

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։

«Տեսալսողական մեդիայի մասին» գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից՝ երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով»։ Նախագծի հեղինակներն առաջարկում են այս հոդվածը փոփոխել հետևյալ կերպ․ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»։

Օրենքի այս փոփոխությամբ նախագծի հեղինակներն առաջարկում են զրկել «Շողակաթ» Հ/Ը-ին հանրապետական սփռումից։

Հավելենք, որ «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը հեռարձակվում է Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությամբ` հանրապետական սփռմամբ։ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը «Շողակաթ» ծրագիրը սկսել է հեռարձակել 2011թ-ից: Այն ներառում է նաև պետության պատվերով ստեղծված կրթական, մշակութային և մանկական բովանդակությամբ հաղորդաշարեր, որոնք պատրաստվում են «Շողակաթ» հեռուստաընկերությունում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար գրավոր հարցում էր ուղարկել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ, հասկանալու, թե ինչպե՞ս է «Շողակաթ»-ը վերաբերվում այս նախաձեռնությանը, կիսո՞ւմ է այն տեսակետը, որ նախագիծը նպատակ ունի սահմանափակել իր գործունեությունը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ դրվեց քաղաքական իշխանությունների և Մայր Աթոռի հարաբերությունների լարումից հետո։

Ի պատասխան մեր հարցին՝ Գործադիր տնօրենի լիազորությունների ժամանակավոր պաշտոնատար Աննա Սարգսյանը հայտնել է, որ օրենքի նախագիծը նախևառաջ արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը սահմանափակում է իր պարտավորությունների շրջանակը ՀՀ քաղաքացիների հանդեպ:

«Մասնավորապես, առանձին՝ մշակութային ուղղվածությամբ, տեսալսողական ծրագրի՝ հանրային հեռարձակում ապահովելու իր հանձնառությունը: Այսինքն, խոսքը օրենսդրական ճանապարհով ՀՀ քաղաքացիների իրավունքների սահմանափակման մասին է: Կրթամշակութային բովանդակությամբ հանրային հեռարձակում ունենալու անհրաժեշտությունը գիտակցված, մշակված խնդիր է քաղաքակիրթ, ժողովրդավար աշխարհում, Հանրային հեռարձակողի ինստիտուտի հայեցակարգի հիմքում մշակութային արժեքի, իմաստալի տեղեկատվության փոխանցումն է: Պետությունն ինքը, նախևառաջ, մշակութային երևույթ է»,-ասել է նա։

Դիտարկմանը՝որքանով են հիմնավորված համարում կառավարող կուսակցության ներկայացուցիչների այն պնդումները, որ հանրային հեռարձակողի սլոթը «կրոնական կազմակերպությանը» տրամադրելը հակասում է հանրային շահին, Սարգսյանը նկատել է, որ հանրային հեռարձակողի սլոթը տրամադրված է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է:

««Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության» եթերացանցում տեղ է գտնում նաև «Շողակաթ» ՀԸ տրամադրած հաղորդումների փաթեթը (օրական 14 ժամ տևողությամբ), որը հանրային հեռարձակողը ձեռք է բերում տարեկան ընդամենը 600 000 ՀՀ դրամով: Ընդ որում, «Շողակաթի» հաղորդումների փաթեթում մշակութային, կրթական, մանկական, հասարակական բազմաթիվ հաղորդումներ կան»,- ասված է պատասխանում:

Անդրադառնալով այն հարցին, որ եթե այս նախաձեռնությունն այնուամենայնիվ կյանքի կոչվի, «Շողակաթը» կգոյատևի՞ առանց պետական ֆինանսավորման, Սարգսյանը շեշտել է, որ հեռուստաընկերության հետագա գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հայտնել չի կարող։
««Շողակաթ» ՀԸ հիմնադիրը Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է:Այս պահին մեր աշխատանքային համագործակցությունն իր բնականոն հունով ընթանում է: «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը» ՓԲԸ-ն, վստահաբար, առանց այդ համագործակցության, միայն պետության տրամադրած ֆինանսական խիստ ժուժկալ միջոցներով իր գործունեությունը շարունակել չի կարող: Կարծում եմ՝ խոհեմությունը և հանրային շահի սպասարկման բարձր գիտակցությունը վճռորոշ կլինեն հետագա գործողություններում»,- եզրափակել է նա։

Նշենք, որ օրենքի նոր խմբագրության ընդունումը, որով հանրային հեռարձակողների նվազագույն թիվը սահմանվում է երկու՝ գործող երեքի փոխարեն, ըստ Թագուհի Ղազարյանի և Սիսակ Գաբրիելյանի, կապահովի բյուջետային միջոցների ավելի նպատակային և արդյունավետ օգտագործում, հանրային հեռարձակողների ֆինանսական կայունության ամրապնդում, տեխնիկական և մարդկային ռեսուրսների գոտկացում, հանրային հեռարձակողների մրցունակության աճ, ծրագրային բովանդակության որակի բարելավում և այլն։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին