Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շուրջ վերջին օրերին հրապարակվող պատմությունները նոր լույս են սփռում բուհում ձևավորված համակարգային կոռուպցիայի վրա։ Ռեկտոր Սրբուհի Գևորգյանի և մի շարք բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում շարունակվում են հայտնվել քաղաքացիների պատմություններ, որոնք, ըստ էության, վկայում են նույն երևույթի մասին՝ անհավասար մոտեցումներ, կաշառակերություն և անարդար մրցակցություն։
Երեկ Ստելա Սարուխանյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում պատմել է իր դստեր՝ Անիի պատմությունը։
Անին 9-րդ դասարանն ավարտելուց հետո որոշել էր ընդունվել Մանկավարժական համալսարանի վարժարան՝ հոգեբան դառնալու նպատակով։ Ընտրական հարցազրույցը անցել էր շատ հեշտ․
«Մամա, հաստատ ընդունված եմ, էնքան հեշտ հարցեր էին, ու շատ լավ ուսուցչուհի էր», — պատմել է Անին՝ դուրս գալով քննասենյակից։
Սակայն մի քանի օր անց ընտանիքը ստացել է մերժում՝ չնայած այն բանին, որ աղջիկը դպրոցական քննությունից ստացել էր 19 միավոր և բավական լավ էր տիրապետում անգլերենին։
«Խնդրեց, որ գնանք պատճառը հարցնենք, որ իբր՝ «ինչ-որ մեկին զանգեմ, որ ինքը հենց էդ բուհն էր ուզում»։ Բայց ես երբեք ոչ մեկին չեմ զանգել, ոչ մի անձնական հարցով, դա ինձ համար անընդունելի է», — գրում է Մարտիրոսյանը։
Վերջիվերջո, Անին որոշել է չընդունվել բուհ, որտեղ իրեն անազնիվ են վերաբերվել, և տեղափոխվել է Ագրարային համալսարանի վարժարան։
«Կարևորը մարդ մեծանա, ոչ թե միայն մասնագիտություն ստանա», — ընդգծում է մայրը։
Նա հույս է հայտնում, որ Մանկավարժական համալսարանի նոր ղեկավարությունը կվերացնի նման անարդար մոտեցումները, և հաջորդ տարի դիմողները կընդունվեն ըստ գնահատականների, ոչ թե ծանոթ-բարեկամական կապերի։
Մեկ այլ օգտատեր՝ Սուսաննա Սիմոնյանը, պատմում է, որ իր քրոջը՝ յոթ տարվա փորձ ունեցող աշխատակցուհուն, ստիպել են ազատման դիմում գրել «սեփական ցանկությամբ»՝ նրան փոխարինելու նոր ղեկավարի «ծանոթներով»։
«Հրաժարվել է։ Հիմա տեսնենք՝ օրենքը ո՞նց կգործի։ Գրագետ մասնագետին հանում են, որ նորերի տեղը ազատեն։ Սա է մերօրյա իրականությունը՝ հակահեղափոխությունը խորանում է», — գրել է օգտատերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքով։
Կից տեղադրում ենք սքրինշոթերը՝
