copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 19:19 15-10-2025

ՌԴ-ի տանկային պաշարները սպառվում են. լայնածավալ վերազինում է սպասվում

Ռուսաստանը, ըստ բաց աղբյուրների հիման վրա արված հետաքննությունների (OSINT), Ուկրաինայի դեմ պատերազմում գործնականում սպառել է վերականգնման ենթակա հին տանկերի մեծ մասը և առաջիկա տասը տարիների ընթացքում նախատեսում է զրահատանկային ուժերի լուրջ արդիականացում։

Արտերկրյա հետազոտողների գնահատմամբ՝ Ռուսաստանի պահեստային բազաներում ներկայումս մնացել է շուրջ 2 538 հին տանկ, որոնցից միայն 92-ն են գտնվում շահագործման ենթակա վիճակում, իսկ մնացածը պահանջում են լուրջ վերանորոգում կամ չեն ենթակա վերականգնման։ Այս տվյալները հրապարակել է արբանյակային նկարների վերլուծությամբ զբաղվող Jonpy99 հետազոտողը։
Ուկրաինայի վերլուծական Frontelligence Insight խումբը, իր հերթին, նշում է, որ Ռուսաստանը սկսել է լայնածավալ զրահատանկային զորքերի վերազինման ծրագիր։

OSINT մասնագետները հրապարակել են «Ուրալվագոնզավոդ» գործարանի՝ Ռուսաստանի հիմնական տանկարտադրողի, ներքին փաստաթղթերը, որոնց համաձայն՝ գլխավոր ուշադրությունը կենտրոնացած է նոր և արդիականացված T-90 տանկերի արտադրության վրա, այդ թվում՝ T-90M2 «Ռիվոկ-1» նոր մոդելի։

Արտադրության ծավալների գագաթնակետը նախատեսվում է 2027–2029 թվականներին, որից հետո հնարավոր է նոր մոդելի անցում կամ արտադրական գծերի արդիականացում։
Ըստ ուսումնասիրության՝ ընդհանուր առմամբ 2026–2036 թվականների ընթացքում նախատեսվում է արտադրել 2 611 միավոր նոր զրահատեխնիկա, ինչը, ինչպես նշում են հետազոտողները, բավարար կլինի Ռուսաստանի զրահատանկային պարկը ամբողջությամբ պատրաստելու նոր մասշտաբային պատերազմի։

Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ 2021 թվականին, այսինքն՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ, Ռուսաստանի բոլոր զրահատանկային ստորաբաժանումների քանակը կազմել է շուրջ 2 609 միավոր տեխնիկա։
Դրանցից մոտ կեսը համալրված էր համեմատաբար նոր կամ արդիականացված տանկերով, ինչպիսիք են T-72B3M, T-80BVM և T-90M «Պռորիվ» մոդելները։
Միևնույն ժամանակ, ՌԴ-ում ձևավորվում էին նաև 12 նոր զրահատանկային գումարտակներ, որոնք ենթադրում էին ևս մոտ 360–420 տանկի առկայություն։