Ներքին 1 տարի առաջ - 20:18 14-10-2025

Երեխաները մահվան հետ են խաղում․ Բյուրեղավանի դեպքը դաս կլինի՞

Օրեր առաջ հերթական ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Կոտայքի մարզում գտնվող Բյուրեղավանի 1-ին Բ թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին։ Վեց օր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար, բայց ապարդյուն։

Դեպքից հետո, սովորականի պես, հանրությունը սկսեց մեղավորներ փնտրել։ Ոմանք հրապարակային կարծիք են հայտնում, որ կատարվածը պատկան մարմինների անգործության հետևանք է։

Ենթադրելի է, որ որ իրավապահ մարմինները գործը չեն փակի «դժբախտ պատահար» անվան տակ։ Դեպքի առթիվ ՔԿ-ն՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը), վարույթ է նախաձեռնել։ Այս վարույթը հուսադրում է, որ իրական մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Սակայն, քիչ չեն նաև օրինակները, երբ արդյունքում ոչ ոք պատշաճ պատասխանատվություն չի կրում։

Բյուրեղավանի բնակիչների պատմելով՝ նշված խաղահրապարակի ժանգոտած կարուսելները 20 տարուց ավելի գոյություն ունեն և միշտ էլ խախուտ են եղել, հողին ամրակցված չեն եղել, և երեխաներն ամեն անգամ վախվխելով են խաղացել։

Իսկ ո՞ւր էր նայում համայնքապետարանը, ինչո՞ւ ժամանակին չի զբաղվել ժանգոտած կարուսելներով։ Oragir.News-ը Բյուրեղավանի համայնքապետարանից փորձեց պարզաբանում ստանալ այս հարցերի վերաբերյալ։

Ընդունարանի աշխատակիցը՝ լսելով, թե ինչ հարցով ենք զանգահարել, խոստացավ մեր հեռախոսահամարը տրամադրել համայնքապետարանի այն պատասխանատուին, ով իրավասու է պատասխանել Oragir.News-ի բարձրացրած հարցերին։

Հավելենք, որ մոտավորապես երկու ամիս առաջ, նույն Բյուրեղավանի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվել։

Ստացվում է՝ չարաշահումների սկանդալը չի սթափեցրել համայնքապետարանի ղեկավարությանը։ Եվ նա չի էլ փորձել լուծել համայնքի փոքրիկ խնդիրը՝ նորոգել խաղահրապարակը, ապահովելով երեխաների անվտանգությունը, որ բացառվեր նման ողբերգական դեպքը։

Գաղտնիք չէ, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ՝ ավելի ծանր և ավելի դաժան։ Բյուրեղավանի այս ողբերգական դեպքը, կարծես՝ հաստատում է փորձագետների գնահատականը, թե ՀՀ-ում հանցագործությունները, սպանությունները և դժբախտ դեպքերը շատացել են պետական ինստիտուտների անգործության, կոռուպցիայի և իշխանությունների նկատմամբ հանրային վստահության նկատելի անկման պատճառով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ