Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:30 14-10-2025

«Սպայկա»-ի վնասները, ՌԴ-ի հետապնդումներն ու սեփականատերերի առեղծվածը

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իրավապահներն իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից՝ հրաժարվելով տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։

Լրատվամիջոցը գրում է, որ «Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Թե ինչի հետ է կապված ընկերության նկատմամբ Ռուսաստանում սկսված այս գործընթացը, այնքան էլ հստակ չէ, բայց տարբեր շրջանակներում խոսում են, որ այս գործընթացներն ավելի շատ քաղաքական են։

«Սպայկան», ինչպես հայտնի է, զբաղվում է նաև գյուղմթերքի արտահանմամբ, ընկերությունը Հայաստանում միրգ-բանջարեղեն արտահանող ամենախոշոր ընկերությունն է։

Oragir.News-ը Էկոնոմիկայի նախարարությունից փորձեց ճշտել, թե ո՞ր ընկերություններն են այս պահին արտահանում տեղական բանջարեղենը, և «Սպայկա» բեռնատարների արգելափակումն արդյոք խնդիրներ չի ստեղծե՞լ արտահանողի համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ բազմաթիվ այլ ընկերություններ կան, որոնք պտուղ-բանջարեղեն են արտահանում ՌԴ, իսկ դրանց մասին տեղեկատվություն ստանալու համար հորդորեցին դիմել Պետական եկամուտների կոմիտե։ ՊԵԿ-ում խոստացան մեր հարցերին գրավոր պատասխանել։

«Սպայկա»-ի պատմությունը

«Սպայկա» անունը ժամանակ առ ժամանակ տարբեր տարիների իշխանությունների հետ է կապվել։ Այս ընկերությունը ստեղծման օրվանից (2001թ) փոխկապակցվել է տարբեր հայտնի անունների հետ որպես սեփականատերերի կամ ՍՊԸ-ում մասնաբաժին ունեցողների։ Հրապարակումներ են եղել, որ այն պատկանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրանից գնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Ի դեպ՝ «Սպայկա»-ի անունը կապվում է նաև Նիկոլ Փաշինյանի անվան հետ։

Իսկ փաստաթղթերով ո՞ւմ է պատկանում գյուղմթերք արտահանող այս խոշոր ընկերությունը։

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Սպայկա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարը Դավիթ Ղազարյանն է: Նա էլ հենց 100 տոկոս բաժնեմասով ընկերության միակ սեփականատերն է: Վերջինս իր հրապարակումներում բազմիցս շեշետել է, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չի ունեցել ընկերության հետ, և նրա անվան հետ կապված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն էլ է անձամբ հերքել, որ նա կամ նրա ընտանիքը կապ ունի «Սպայկա» ընկերության գործունեության հետ։

Ավելին, 2021-ին, Արարատի մարզում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Քոչարյանը հայտարարեց, որ ընկերության սեփականատերը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում է։ Անուն չնշեց, միայն անդրադառնալով 7 միլիարդ դրամի չափով հարկերից խուսափելու գործին, նա ասաց․ «Հետևողականորեն կապում էին ինձ այդ ընկերության հետ, իբրև դա իմն է։ Հետո գնում հարձակվում են այդ ընկերության վրա, պարզվում է, որ դա իմը չէ, տուգանքն են գրում 14 միլիոն դոլարի, հետո այդ տուգանքը ջրվում է, թե ում գրպաններով է ջրվում, ևս անհասկանալի է։ Հետո պարզվում է, որ այդ մարդը հայտնվում է իրենց քաղաքական թիմում, իրենց ցուցակում։ Սա դասական օրինակ է, և այդպիսի օրինակներ կարող եմ այսօր մի առնվազն 10-15-ը բերել»։

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հետ ընկերության կապին, Ղազարյանը նշել է, որ թեպետ ճանաչում է նրան, բայց գործնական հարաբերություններ չկան, ընկերության համասեփականատերը եղել է Ռոզա Ստեփանյանը:

Սույն թվականի սեպտեմբերի 20-ի ՔՊ 7-րդ համաժողովի ժամանակ՝ անդրադառնալով «Սպայկա»-ի հետ կապված խնդրին, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ «Սպայկան» խնդիրներ ունի ՌԴ իրավապահ մարմինների հետ։

«Հարցը դրա շրջանակներում է, և այդ ֆորմատով էլ պետք է պարզաբանվի»,- ասաց նա։

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը տեսանելի քայլեր չի անում տասնամյակների ավանդ ունեցող խոշոր հարկատուի իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում։ Եվ եթե «Սպայկա»-ի բեռնատարների կալանավորումը քաղաքական համատեքստ ունի, ապա ու՞մ դեմ է ուղղված՝ Փաշինյանի՞, թե՞ նախկինների։

Հավելենք, որ 2025-ի սեպտեմբերի 12-ի դրությամբ, «Սպայկա»-ի կրած վնասները բեռնատարների արգելափակման պատճառով կազմել են 2 միլիոն դոլար: Բնականաբար, այս շարունակական արգելափակումներն ու ընկերության նկատմամբ ստեղծվող խնդիրները տնտեսական ավելի մեծ վնաս են պատճառելու թե՛ արտահանողներին, թե՛ ընկերությանը, թե՛ Հայաստանին, թե՛ գյուղացուն, որի բերքը մնացել է այգում, քանի որ «Սպայկա»-ի բեռնատարներն ամիսներ շարունակ կալանված են դաշնակից երկրում։

Oragir.News-ն առաջիկայում կներկայացնի նաև դեպի ԵԱՏՄ վերջին ամիսների արտահանման ծավալները, և արտահանող ընկերությունների մասին տեղեկատվություն։

Հասմիկ Մովսիսյան