copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:45 13-10-2025

«Փոքր հոգի ունեք», «պատասխան եք տալու»․ ՔՊ պատգամավորը սպառնում է Oragir.News-ի լրագրողին

Oragir.News-ն օրերս ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկի՝ քրոջ որդու հետ կապված մի սկանդալային միջադեպի էր անդրադարձել, որից հետո իշխանական պատգամավորի ընտանիքը թիրախավորել է մեր լրագրող Անահիտ Զալիկյանին։ Ընդ որում, հիշյալ հրապարակումը կատարել ենք Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տրամադրած ինֆորմացիայի հիման վրա։

Հրապարակումից 2 օր անց ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է դրան՝ անձնական վիրավորանքներով ու որակումներով։

Oragir.News-ի լրագրողն ի պատասխան Սարուխանյանի մեղադրանքներին՝ սոցցանցի իր էջում գրել է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը հերթական անգամ փորձում է պարզաջրել իրավիճակը, բայց ինչպես միշտ ոտքի վրա ու ոչ պրոֆեսիոնալ։ Բացեմ չակերտները... ինֆորմացիա ունեի, որ սույն անձի զարմիկը ինքասպանության փորձ է կատարել, առանց տրվելու էքսկլյուզիվ լուր տալու մոլուցքին, ինֆորմացիայի վերաբերյալ պարզաբանում եմ խնդրել ոստիկանության Գյումրիի «Մուշի» բաժնից, ՆԳՆ-ի լրատվության բաժնից, Քննչական կոմիտեից։ Ի դեպ, Քննչականից հաստատեցին, որ ինքնավնասման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, որ 2009 թ. ծնված տղան հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։ Պետք չէր էդքան պրիմիտիվ լինել և էս ամենը փաթեթավորել քաղաքական աստառով։ Մարիամից կույս, կամ Պապից կաթոլիկ երևալու փոխարեն խոստովանեք, որ առաջին դեպքը չէ, որ ձեր, կամ ձեր մերձավոր շրջանակների անձինք հայտնվում են թմրամիջոցների հետ կապված պատմությունների մեջ։ Էնպես որ հանգիստ նստեք տեղներդ ու զբաղվեք ձեր երեխաների ապագայով»։

Մեր լրագրողի գրառման մեկնաբանություններում ՔՊ-ական պատգամավորի քույրը` Անուշ Սարուխանյանը և պատգամավորի օգնական Լիլիթ Ծատուրյանը սպառնացել են, որ Oragir.News-ի լրագրողին պատասխանատվության են ենթարկելու, որովհետև հրապարակումը, ըստ նրանց պնդման, «ծայրից ծայր զրպապրտություն է», ինչպես նաև այն «խախտել է բժշկական գաղտնիքը»։ Մեր ընթերցողին վերստին հիշեցնում ենք՝ Oragir.News-ին հենց ՔԿ-ից էին հայտնել, որ ինքնավնասման փորձ կատարած անձը հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում։

Կարեն Սարուխանյանի քույրը մասնավորապես գրել էր․ «Տիկին, Դուք հրապարակայնորեն տարածում եք կեղծ և զրպարտիչ տեղեկություններ իմ անչափահաս երեխայի մասին՝ խախտելով նրա անձնական կյանքի, պատվի և արժանապատվության, ինչպես նաև բժշկական գաղտնիքի պաշտպանությունը։ Նման գործողությունները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության։

Հորդորում եմ անհապաղ հեռացնել այս գրառումը և դադարեցնել որևէ կերպ անչափահասի մասին ապատեղեկատվություն տարածելը։ Հակառակ դեպքում պարտավորվում եմ դիմել իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով։ Անահիթ Ա. Ղազարենց Քանի որ Դուք հրապարակայնորեն տարածում եք տեղեկություններ անչափահաս երեխայիս վերաբերյալ, որոնք վերաբերում են բժշկական գաղտնիքին, պարտավոր եք պարզաբանել՝ ով է Ձեզ տրամադրել այդ տվյալները։ Խնդրում եմ հրապարակայնորեն նշել այդ անձի անունը, ազգանունը և պաշտոնը։

Հակառակ դեպքում՝ Ձեր հայտարարությունները դիտարկվում են որպես սուտ մատնություն և զրպարտություն, իսկ բժշկական գաղտնիքի ապօրինի տարածումը՝ օրենքով պատժելի արարք։

Ձեր գրառումն ու մեկնաբանությունները արդեն փաստագրված են և կարող են դառնալ իրավական քայլերի հիմք»։

Կարեն Սարուխանյանի օգնական Լիլիթ Ծատուրյանն էլ նույն գրառման տակ գրել է.

«Իրավապահ մարմինները նախ Ձեզ չէին կարող անձնական տվյալներ հայտնել, առավել ևս եթե հարցը վերաբերում է անչափահաս երեխայի` առանց ծնողների թույլտվության։ Եթե պնդում եք, որ իրավապահ մարմիններն են տվյալներ տրամադրել Ձեզ, խնդրում եմ ներկայացնել փաստարկներ, որ իրավապահ մարմիները, հատկապես` ով է տրամադրել անչափահաս երեխայի մասին անձնական տեղեկություն Ձեզ, քանի որ երեխայի ծնողը ունի փաստարկված տվյալներ, որ իր անչափահաս երեխայի մասին Ձեր պնդումները սուտ են, որի համար նա դիմել է իրավապահ մարմիններին»։

Այս կանայք իրենց գրառումների մեջ մի քանի անգամ կրկնում էին, որ դիմելու են իրավապահ մարմիններին։

Oragir.News-ի լրագրողն ավելի ուշ սոցցանցի իր էջում հրապարակել է իր գրած հոդվածի սքրինշոթերը՝ հրավիրելով իրավաբանների և փաստաբանների ուշադրությունը։

ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն այս գրառմանն արդեն անձնական վիրավորանքներով ու սպառնալիքներով արձագանքեց՝ նշելով, որ լրագրողին դատի է տալու։

«Դուք այնքան փոքր հոգի ունեցող անձնավորություն եք, որ չեք էլ հասկանում ձեր արածն ու դրա հետևանքները։

Ինչքան էշություն ասես գրել եք, շան տեղ դնող չի եղել, բայց չափերն անցնելն արդեն այլ բանի մասին է խոսում։

Անչափահաս երեխային շահարկողը առնվազն շան զավակ է, առնվազն։

Մնացածն արդեն պատասխան կտաք օրենքի և երեխայի ծնողների առաջ։ Իմ մասին եք պարբերաբար գրում և էշություններ եք գրում, որի համար պատասխանատվություն անձամբ եք կրելու։ Կրկնում եմ, շան տեղ չէի դնի, եթե անչափահաս երեխայի մասին չշահարկեիր։ Իսկ հիմա արդեն բնականաբար կդնեմ։ Առաջինը օրենքի և անչափահաս երեխայի ծնողների առաջ եք պատասխանատվություն կրելու, որ ականջներիդ օղ լինի և հասկանաք, որ ամեն գրոշի համար չպետք է անբարոյական դառնալ»,- գրել է պատգամավորը։

Oragir.News-ը ևս իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է ՔՊ-ական պատգամավորի և նրա հարազատների պահվածքի, մասնավորապես նրանց սպառնալիքների վրա, որոնք ուղղված են իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին։ Ընդ որում, լրագրողը թիրախավորվել է այն բանի համար, որ հրապարակել է Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը։
Կարծում ենք՝ ընթերցողներից շատերի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ ՔՊ-ական պատգամավորը ոչ այնքան իր զարմիկի արժանապատվության մասին է մտածում, որքան ձգտում է հիշեցնել իր գոյության մասին, հատկապես 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մեր ընթերցողների այս կասկածը ո՛չ կարող ենք հաստատել, ո՛չ էլ հերքել։

Հավելենք նաև, որ Կարեն Սարուխանյանը Oragir.News-ի լրագրողի հանդեպ ընդգծված բացասական վերաբերմունք ունի հատկապես այն պահից, լրագրողը Սարուխանյանի վերաբերյալ բացառիկ մանրամասներ էր հայտնել, ինչի արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր, որ արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ հանձնի։ Մինչ այդ շրջանառվում էին տեղեկություններ, որ հենց Կարեն Սարուխանյանն է ՔՊ-քաղաքապետի թեկնածուն, սակայն թեստի պատասխանը դրական էր եղել, ինչից հետո քաղաքական ուժը ստիպված էր եղել փոխվել իր թեկնածուին։