«Փաստ» օրաթերթը գրում է. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ: Բանակցությունները, կարծես, ինչ-որ արդյունք տվել են, իսկ թե ինչ ելքով, կանդրադառնանք առաջիկայում: Նա օրերս ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ձևավորման մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի: Հասկանալի է, արդեն որպես քաղաքական ուժ (կուսակցություն, կուսակցությունների դաշինք):
Ավելին, Թաթոյանն ասել է, որ իրենք հավակնում են իշխանություն ձևավորել, իսկ ինքը հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրությունների, հավակնել հաղթանակի:
Սակայն բանն այն է, որ Հայաստանյան քաղաքական դաշտը կրկին ականատես է դառնում մի երևույթի, որը հաճախ ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։ Նախ՝ մեր քաղաքական դաշտում հաճախ անհատական ամբիցիաները, որոնք ինքնին վատ բան չեն չափի մեջ, քաղաքական գործիչներին կտրում են իրականությունից ու իրատեսությունից: Բայց սա էլ դեռ մի կողմ: Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը: Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։
Թաթոյանը հիմա ներկայանում է «հասարակական պահանջով», սակայն չի պարզաբանում, թե ովքեր են կազմում իր թիմը, ինչ փորձ ունեն նրանք, ովքեր են իր թիկունքում և ինչ իրական ծրագրեր են առաջարկելու։ Առանց հստակ թիմի և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության՝ բոլոր հավակնություններն ու հայտարարությունները մնում են ընդհանուր բնույթի կարգախոսների մակարդակին։ Ամենախնդրահարույցն այն է, որ Թաթոյանը փորձում է պահպանել «անկախ» գործչի իմիջը, բայց քաղաքական դաշտ մուտք գործելիս այդ պատրանքը փլվում է։ Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում հետ է նա պատրաստվում կառուցել իր ծրագիրը։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե այլընտրանքային ուժի կամ գործչի հայտ, այլ ուշացած մուտք քաղաքական լաբիրինթոս, որտեղ դիրքերն արդեն վաղուց զբաղված են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է, իսկ եղբորորդին արդեն հինգ տարի է անհետ կորած է, հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձեւով» արտահայտության համար։
Ղուկասյանի պատմությունն առանձնահատուկ է ոչ միայն իր մարդկային տառապանքի իրողությամբ, այլ նաեւ բացարձակ խորհրդավոր զուգադիպությամբ: Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան պատերազմի տարելիցի օրը, անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի դիմաց՝ հանդիպելու Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Սակայն նրանց մուտքը մերժվել էր։ Երբ հուսահատությունն անցել էր բոլոր սահմանները, ծնողների արդար զայրույթը վերածվել էր ռազմական ոստիկանության հետ քաշքշուկի։
Այդ օրը Արսեն Ղուկասյանի ծննդյան օրն էր, եւ նա ՊՆ-ի մուտքի մոտ եթեր էր մտել՝ ասելով. «Ինձ իմ ծնունդի առիթով մի՛ շնորհավորեք, մենք եկել ենք ՊՆ՝ իմանալու՝ մեր երեխեքի հարցով ո՞վ ա զբաղվելու… Մենք ՊՆ-ին ենք տվել մեր երեխեքին, իրենցից էլ պահանջում ենք։
Հինգ տարի մեզ խաբելով՝ փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ, բայց ոչ մի քայլ չեն անում։ Մենք սպասում ենք։ Ինձ, երեւի, լսում են… Կա՛մ կընդունեն մեզ, կա՛մ մենք մեր ձեւով կանենք»։
Եվ, ահա, հենց այդ «մեր ձեւով» «կախարդական արտահայտությունը» դարձավ ճակատագրական:
Ինչպես ժամանակին բարերար Սամվել Կարապետյանի գործով հնչած «կախարդական արտահայտությունը» դարձավ կալանքի պատճառ, այնպես էլ այս դեպքում անհետ կորածի հարազատի հուզական ելույթը կարծես ընկալվեց որպես մարտահրավեր, եւ, առանց հրապարակային պարզաբանման, «ձեռնափայտի կադրը» օգտագործելով, Արսեն Ղուկասյանին կալանավորեցին:
Իսկ անհետ կորածների ծնողների հարցը խլացավ կալանքի ձայնի մեջ»։
Հրապարակն էլ գրում է․ Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որի նպատակը հասարակական-քաղաքական դաշտի մոբիլիզացիան է:
Ծառուկյանն առաջարկում է, որ մի հարկի տակ հավաքվեն մարդիկ, որոնք Հայաստանին առաջարկելու, ստեղծված վիճակից հանելու լուծումներ ունեն։
Տեղեկություններ կան, որ Ծառուկյանի թիմն ակտիվ աշխատանքներ է տանում, որ համապետական ընտրություններից առաջ այս նախաձեռնությունն առանցքային ուժ դառնա կամ, այսպես կոչված, դաշտի ազդեցիկ բեւեռներից մեկը։
Սակայն ոմանք կասկածներ ունեն եւ հստակություն են ուզում, որ հասկանան, թե նախաձեռնությունն ինչ ուղղվածություն է ունենալու, ովքեր են անդամագրվելու, եւ, վերջապես` այն վերջնարդյունքում կարո՞ղ է համագործակցել գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մինչ այս պահը նախաձեռնությանը միանալու հրապարակային հայտարարություն է արել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ ի դեմս ղեկավար Սուրեն Սուրենյանցի։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ «Ապրելու երկիրն» է պատրաստվում միանալ նախաձեռնությանը, սակայն կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այդ մասին դեռ քննարկումներ չեն ունեցել։
Նախաձեռնության հեղինակներն ակտիվ բանակցում են նաեւ հայտնի անհատների, իրենց ոլորտի գիտակների հետ, օրինակ՝ նախաձեռնության հետ մի շարք դիվանագետներ են, այդ թվում` նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։