Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 9-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը Բելգիայից մեկնել է Տաջիկստան, որտեղ նա մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթաժողովին: Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել էր մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին։ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն` Փաշինյանը Բրյուսելից Դուշանբե է մեկնել այսօր, իսկ Երևան կվերադառնա վաղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուշանբեում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կհանդիպի Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի հետ, հանդիպումներ են ծրագրված նաև ԱՊՀ երկրների այլ առաջնորդների հետ։ Ենթադրվում է, որ այցի շրջանակներում Փաշինյան-Պուտին հանդիպում ևս տեղի կունենա։
Այսօր շարունակվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 կալանավորվածների գործով դատական նիստը։ «Ես ուղղակի չհասկացա՝ ի՞նչ ասվեց այստեղ, ոչ բովանդակությունը, ոչ հայերեն ձևակերպումները, եթե կարելի է, երկրորդ անգամ թող կրկնի. դարձյալ ձեռքը ուղղելով ժողովրդին, ցույց տալու համար, որ այս ամեն ինչը ներկայացում է, այդ ենթատեքստը տալով, ուզում եմ ասել, իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ուղղելով դեպի ժողովուրդը, դրանով չեն ազատվելու»,- ասել է Բագրատ Սրբազանը, ապա շարունակել․ «Որովհետև ես չհասկացա, ուղղակի առանց հեգնելու եմ ասում, չհասկացա, ըստ էության թող խոսեն՝ այս գործում կեղծիք կա՞, թե՞ չկա, ներառյալ Արմենի դեպքը»։ Դատավորը, դիմելով հանրային մեղադրողներին, հարցրեց, թե արդյոք հանրային մեղադրողները ցանկանում են լրացուցիչ արտահայտվել։ Հանրային մեղադրողը Բագրատ Սրբազանին «պարոն Գալստանյանով» դիմեց՝ նշելով, որ չի ցանկանում նրա պաշտպանների ֆունկցիան ստանձնել։ Այս դիմելաձևը Բագրատ Սրբազանին դուր չեկավ։ «Ուրեմն, էս դահլիճում պարոն Գալստանյան չկա ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք: Մենակ «Մխիթար Գոշ» չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու»,–ասաց Սրբազանը, ինչին հետեւեցին ծափահարություններ։
Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ Վերջիններս Ստամբուլում մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ալեն Սիմոնյանի որոշման համաձայն` պատվիրակության կազմում ընդգրկվել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը: Ընդդիմադիր պատգամավորներ պատվիրակության կազմում ներգրավված չեն։ ՔՊ-ականներից կազմված պատվիրակությունը Ստամբուլում կգտնվի նոյեմբերի 16-20-ը։
Բաքվի դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործի քննության շրջանակում «փաստաթղթեր» է հրապարակել իբր Հայաստանի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ։ 2020-ի հոկտեմբերի 24-ով թվագրվող թղթերից մեկն, ըստ ադրբեջանական աղբյուրների, այն մասին է, որ հայկական կողմը փորձել է արտասահմանցիների ներգրավել, կառավարությունն ու սփյուռքի կազմակերպությունները հայկական համայնքների անդամներին հորդորել են անհապաղ միանալ ռազմական գործողություններին։ Ադրբեջանական կողմը նրանց որպես «զինյալ ահաբեկիչներ» է ներկայացնում: Հիշեցնենք, որ Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավարությունները փաստացի բաց չեն. դրանց միջազգային իրավապաշտպաններ, փաստաբաններ ու լրագրողներ ներկա չեն, ռեպորտաժներ է պատրաստում միայն պետական «Ազերթաջ»-ը, որի հաղորդած տեղեկությունները ճշտելու որևէ հնարավորություն չկա։ Ադրբեջանական բանտերում պաշտոնապես 23 հայ է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։
Մանրամասները՝ տեսանյութում: