Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Անի Կարաքեհյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից
Oragir.News-ի դեմ ներկայացված հայցի քննությունը։ Հայցը վերաբերվում է «զրպարտություն և վիրավորանք որակված արտահայտությունների» հերքման պահանջին։
ՔՊ-ական ռեկտորին վրդովվեցրել է
Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի 2025 թվականի մայիսի 16-ի թողարկումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ էր կատարվել նաև ԵՊՀ-ի 106-ամյակի կապակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանի շնորհավորանքին։ Մեր գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանն այս շնորհավորանքն անբարոյականություն էր որակել՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հովհաննիսյանը մի իշխանության ներկայացուցիչ է, որը պատրաստվում է փակել ԵՊՀ, իսկ այս կործանարար ծրագրի դեմ պայքարելու փոխարեն՝ նա թույլ չի տալիս, որ բուհի ներսում որևէ պայքար ծավալվի։
Հովհաննիսյանը, ով իր պաշտոնավարման 4 տարում երբեք չի համարձակվել հակադարձել սեփական քաղաքական առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մայր բուհը թիրախավորող և նսեմացնող հայտարարություններին, պնդում է, որ ԵՊՀ-ն փակելու որոշման մասին որևէ տեղեկատվություն չկա։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրել, որի շրջանակում պետական բուհերը Երևանի կենտրոնից պետք է տեղափոխվեն հիշյալ «քաղաք»։ Գուցե տպավորություն ստեղծվի, որ ԵՊՀ-ն իր ողջ կազմով տեղափոխվելու է «Ակադեմիական քաղաք», սակայն ըստ հայեցակարգի՝ քաղաքում տեղակայվելու է մինչև 8 պետական բուհ։ Սա նշանակում է, որ ներկայումս գործող բուհերը խոշորացվելու են, և որպես այդպիսին Երևանի պետական համալսարանն այլևս գոյություն չի ունենա, կամ գոյություն չի ունենա առնվազն այն կառուցվածքով ու տրամաբանությամբ, որով մայր բուհը գործել է վերջին 106 տարում։
Հովհաննիսյանը սրտնեղել է նաև հաղորդման շրջանակներում ԵՊՀ նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանի հնչեցրած այն տեսակետից, որ ԵՊՀ-ի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել՝ նշելով, թե իբր այս պնդումը չունի որևէ հիմնավորում, քանի որ թե՛ տեղական, և թե՛ միջազգային վարկանիշավորման բոլոր աղյուսակներում ԵՊՀ-ի արդյունքները շարունակաբար բարելավվում են։ Ի պատասխան՝ 2025-ի մայիսի 28-ին Սողոմոնյանն
Oragir.News-ին հայտնել էր, որ դա իր սեփական համոզմունքն է, որից չի հրաժարվում։
Փաստացի՝ Գևորգ Էմին–Տերյանը և Մենուա Սողոմոնյանը ոչ թե զրպարտել են ԵՊՀ-ին ու նրա ՔՊ-ական ղեկավարությանը, այլ պարզապես փաստեր արձանագրել։
Oragir.News-ը դատական նիստը պետք է ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեր, սակայն դատական նիստի սկզբում դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը։ Միջանորդությունը մերժվեց, քանի որ հայցվոր կողմն առարկել էր՝ այն հիմնավորելով մեր հնարավոր կողմնակալությամբ։
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Լիլիթ Թարջիմանյանը հայտնեց, որ իր վստահորդը չի կատարել զրպարտություն․ «Իմ վստահորդը ունի հետևյալ դիրքորոշումը, որ այն արտահայտությունները, որ իրականացվում են ԵՊՀ-ի հետ կապված, մասնավորապես ԵՊՀ ռեկտորին վերաբերող վերջինիս գործողությունների մասով, բոլորը ունեն մեկ միտում, որ ԵՊՀ-ն իրականացնի և կարողանա, էսպես ասած, հիմնականում գործունեությունը ապահովի»։
Լիլիթ Թարջիմանյանը հավելեց նաև, որ հայցվորի ներկայացուցիչը դիրքորոշումներ է ներկայացրել մի շարք մտավախությունների հետ կապված։ «Ըստ էության, դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվոր կողմը առարկում էր այդ միջնորդությանը, միջնորդությունը մերժեց, այսինքն՝ հնարավորություն չունեցանք, էսօր էնպես անենք, որ դատական նիստը լուսաբանվի լրատվամիջոցի կողմից։ Նշեմ, որ այս պահին նախնական դատական նիստում ենք գտնվում, այսինքն՝ նախաքննության փուլում են գտնվում։ Հաջորդիվ կարվեն հետագա դատավարական գործողությունները»։
Նշենք, որ գործը դեռ գտնվում է նախնական դատաքննության փուլում։ Հաջորդ նիստի ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները։