Ներքին 1 տարի առաջ - 14:35 08-10-2025

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղարիբ Բաբայանի պաշտպան Աբգար Պողոսյանը։Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե արդյոք առկա են ատելություն, խտրականություն և անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված կոչեր։

Քրեական հետապնդման ժամկետները կասեցված են՝ մինչև փորձաքննությունների եզրակացության ստացումը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Թե ատելության խոսքը ում էր ուղղված ԱԱԾ-ն չէր մանրամասնել, բայց ՔԿ-ն անմիջապես հայտնեց քրեական վարույթ հարուցելու եւ Ղարիբ Բաբայանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) քրեական հետապնդում հարուցելու համար։ Ղարիբ Բաբայանը, ով արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ, ձերբակալվել էր, ավելին, ՔԿ-ն ներկայացրել էր նրան կալանավորելու միջնորդություն։ Դատարանը մասնակի էր բավարարել միջնորդությունը ու որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։

Այդուհանդերձ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը կիրառելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Բաբայանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ենթակա են վերացման։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո