Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 10:00 28-09-2025

Թե ինչպես Փաշինյանը ծաղրեց ԵՄ-ին ու փոխեց ՀՀ օրենքի իմաստը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթը լսող ՀՀ քաղաքացին կարող է ընկճվել։ Ինչո՞ւ է վատ ներկայացվում Հայաստանի, հայ ժողովրդի դիրքորոշումն ու ասելիքը աշխարհին, ազգերին, մարդկությանը։

«Շատերը հարցնում են, թե երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ և որքանով է դա իրատեսական։ Նախ, մեր չորս հարևաններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու երկիր են։ Եվ հետո, Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու մասին օրենքը մեզ համար նախևառաջ ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակելու խթան է։ Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխան լինել ԵՄ ստանդարտներին։ Առանց այդ ստանդարտներին համապատասխանության հնարավոր չէ ԵՄ անդամ դառնալ։ Եվ հետևաբար, երբ Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, այս կետից ունենք երկու ճանապարհ․ մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի»,- ասել է նա։

Նախ՝ Փաշինյանն այսպիսով իմաստափոխում է 2025-ի մարտի 26-ին ընդունված օրենքի իմաստը։ Սա անհարգալից վերաբերմունք է օրենքի, պետության, ԱԺ-ի, 60 հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքում բարեփոխումները հետևողականորեն շարունակելու խթանի մասին ոչ մի բան չկա։ Փաշինյանը եվրոպացիների՞ն է թյուրիմացության մեջ գցում, թե՞ օրենքն ընդունած ԱԺ պատգամավորներին է ծաղրում։ Օրենքն ընդունելուց հետո հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելը։ Այդ հայտն է իրապես խթանելու ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես բախտակից երկրներում։ Անդամակցելու հայտն է անդամակցելու մտադրության ապացույցը։ ՄԱԿ-ի ամբիոնից այդ մասին բան չասվեց, հիմք տալով կասկածի, որ ՀՀ-ն, իրականում՝ չի ձգտում ԵՄ-ին անդամակցել։

Ամենակարևորն այն է, որ ԵՄ-ին անդամակցելով, ՀՀ-ն կլուծի անվտանգային համակարգի խնդիր, որը նույնպես անտեսվեց Փաշինյանի ելույթում։ Ի տարբերություն ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի, որոնք 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում կասկածի տակ դրեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները, ԵՄ երկրները լիարժեք ճանաչեցին ու պաշտպանեցին ՀՀ ինքիշխան իրավունքները, ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը, միաժամանակ՝ դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ ԵՄ ստանդարտներից առաջինն ու կարևորը անկախությունն է։ Եվ ՀՀ-ն պետք է ամրացնի իր անկախությունը, որ ԵՄ անդամ դառնա։ Այս ստադարտի մասին գիտեն բոլորը։ Մարտի 26-ից մինչ օրս այդպիսի քանի՞ բարեփոխում է արվել։

Ի վերջո՝ անհեթեթ պատկեր է ուրվագծում Փաշինյանը՝ կարծելով, թե ստանդարտներին համապատասխանելուց հետո ՀՀ-ին ԵՄ չեն ընդունի։ Այսինքն՝ ԵՄ-ն կամակոր մարդի՞կ են ղեկավարում։ Անհարմար է, այդ բարձր ամբիոնը աշխարհին ու ռեալությունը ծաղրելու համար չեն։ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանն աբսուրդի թատրոն չէ։ Ազնիվ կլիներ, եթե Փաշինյանը խոստովաներ, որ ԵՄ-ին լուրջ չի վերաբերվում, այդ պատճառով է օրենքն ընդունելուց հետո՝ Մայիսի 9-ին գնում Մոսկվա պառադի, անտեսում Հունիսի 14-ի հիշատակի օրը և այլն։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անհարմար վիճակում դրեց ՀՀ քաղաքացուն, կորցրեց Հայաստանի միջազգային վարկը բարձրացնելու ևս մեկ հնարավորություն։ Նա հրապարակավ իմաստազրկեց ՀՀ օրենքը։ Ու բոլորի համար պարզ դարձավ, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու հայտ չի ներկայացնելու, քանի որ Փաշինյանն անկախությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու խնդիր չունի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ