copy image url
Ներքին Մշակույթ 1 ամիս առաջ - 17:15 23-09-2025

Փաշինյանին «Մեր ժամանակների հերոսը» դառնալու համար չեմ հրավիրել ներկայացման․ Տիգրան Գյուլումյան

Oragir.News-ը զրուցել է ռեժիսոր, դերասան և ՀանդԱրտ մշակութային նախագծի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գյուլումյանի հետ նախաձեռնության մարտահրավերների, նպատակների, ծրագրերի և օրեր առաջ նրան ուղվված հանրային քննադատությունների շուրջ։

– Ի՞նչ դժվարությունների եք բախվում Հայաստանում անկախ թատերական նախաձեռնություն իրականացնելու ճանապարհին։

- Գիտե՞ք, հաղթահարելի, հաճելի դժվարություններ են, որոնք պարտադիր է, որ անցնենք։ Նախ՝ պարտադիր է ինձ համար, որովհետև նորություն է, նոր ձևաչափ է, թատրոն–արվեստ–բիզնես միքս է։ Ճանապարհին փորձում ես հասկանալ սխալի ու ճշտի արանքում թողածդ բացթողումների գնահատականը, որպես էդպիսին։ Առանձնահատուկ դժվարություններ չունեմ։ Դժվարությունն այն է, որ պետք է գտնել լավ սցենար, լավ դրամատուրգիա։ Անընդհատ պետք է աշխատել այն ուղղությամբ, թե հանդիսատեսը ի՞նչ կարիք ունի, ի՞նչ հարցերի շուրջ պետք է խոսես, ի՞նչ հարցերի շուրջ պետք է ներկայացումներ անես։ Այս հարցերը կան։ Պարզապես դրամատուրգիական առումով, սցենարային առումով, պիեսի առումով կան դժվարություններ, որովհետև այն, ինչ ես անում եմ և ինչ ուղղությամբ ուզում եմ գնալ, այդ տիպի դրամատուրգիա չկա կամ առնվազն քիչ է։

– Ունե՞ք ֆինանսական, տարածքային, հանդիսատեսի պահանջների հետ կապված մարտահրավերներ։

- Գիտե՞ք, բոլորն էլ մարտահրավերներ են։ Մենք մեր թիմով սկզբում այլ ծավալի էինք պատկերացնում, ավելի քիչ ու փոքր ծավալի, բայց հանդիսատեսը մեզ ստիպեց մեծացնել թե՛ թատերական ռեպերտուարի, թե՛ հանդիսատեսի քանակի, սպասարկման ու ընդունման ծավալները։ Այստեղ անկախ քեզանից՝ առաջանում է ֆինանսական մոտեցման խնդիր։ Քանի որ բացարձակ անկախ ենք, ինքնուրույն ենք, պետական թատրոն չենք, ապա ամեն ինչ ֆինանսավորվում է հանդիսատեսի ձեռք բերած տոմսերի շահույթից։ Իսկ ծախսերը շատ ավելի մեծ են, քան կարող է տոմսի շահույթը ապահովել։ Արդյունքում առաջանում են ֆինանսական ճեղքվածքներ, որոնք փորձում ենք առաջնային անհրաժեշտությամբ հաղթահարել։ Նույնը նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հարցում է․ օնլայն հարթակներում ակտիվություն, տոմսերի վաճառք, ավելի հանրային դարձնելու խնդիր։ Այս մարտահրավերներն էլ կան։ Լուծելի են, բայց դժվարությամբ։

– Ի՞նչ երազանք ունեք որպես ռեժիսոր և ի՞նչ ապագա եք տեսնում ՀանդԱրտ նախաձեռնության համար։

Ապագան տեսնում եմ հետևյալ կերպ՝ ՀանդԱրտ-ը որպես մշակութային այգի՝ հանդարտ միջավայրում, բնության գրկում թատրոն և այլընտրանքային մշակութային հարթակ։ Մտածում եմ ու տեսլական ունեմ, երազանք ունեմ, իղձ ունեմ, որ սա դառնա նախադեպ մեր հանրապետությունում։ Ուզում եմ, որ հանրապետության բոլոր մարզերում ստեղծվի նման մի միջավայր, որը կլինի պատմամշակութային որևէ համալիրի մերձակա տարածքում, կհամատեղի թե՛ հայ, թե՛ սփյուռքի հանդիսատեսի մշակութային պահանջները։ Նպատակս է և տեսլականս է, որ ՀանդԱրտն իսկապես դառնա մի միջավայր, մի կենտրոն հանդիսատեսի, հայ մարդու համար՝ այլընտրանքային մշակույթի ընկալումների, արվեստի ընկալումների։ Միջավայր՝ թե՛ թատերական նախագծերի, թե՛ նկարչական փառատոնների, քանդակագործության փառատոնների, երգ ու երաժշտության, պարի։ Բոլոր արվեստների համար դառնա մի հարթակ, որտեղ բնությունը, արվեստը, մարդը և էս բացօդյա հրաշալի միջավայրը մի տեղ, մի զգացմունքով տեղափոխվի հանդիսատեսի հոգեկան դաշտ, հուզական դաշտ։ Եվ ինչը, որ հիմա կա այստեղ, և ինչը, որ ստեղծվում է, պարզապես դառնան շատ ավելի մեծ ու ընդլայնված այն առումով, որ չունենանք ազատ օրեր։ Բոլոր օրերը մեզ մոտ լինեն մշակութային օրեր։ Ներկայումս ունենք 3-4 մշակութային օր շաբաթվա ընթացքում (հիմնականում՝ հինգշաբթիից կիրակի), բայց ուզում եմ, որ բոլոր օրերը դառնան մշակութային, ունենանք անընդհատ պտտվող ու անընդհատ աճող միջավայր։ Ամենաշատը նաև ուզում եմ, որ էս մոդելը տարածվի հանրապետության բոլոր մարզերում։ Ես պատրաստ եմ նաև օգնել, աջակցել այն ճանապարհով, որով անցել եմ, աջակցել բոլոր երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն այս մոդելը կիրառել իրենց մարզում։ Այնպես լինի, որ մենք կարողանանք և՛ էստեղ խաղալ, և՛ տարբեր մարզերում, և՛ էնտեղ ստեղծել մարզային հարթակներ։ Եվ դա գիտե՞ք՝ ինչքան կխթանի նաև զբոսաշրջությունը։ Էսպես՝ ամբողջ օրը մենք խոսում ենք տուրիզմի զարգացման մասին։ Միայն պատմամշակութային որևէ կոթող նայելով չվերջանա տուրիստի օրը, այլ ինքը տվյալ տարածաշրջանի կոթողները, տվյալ տարածաշրջանի տուրիստական գոտիները հաճախելուց հետո օրվա վերջում մշակութային բաղադրիչով հագեցած գնա տուն։ Ամեն մարզում մի տեղ լինի, որտեղ մեր ռեպերտուարը համաչափ պտտվի, և այնտեղ էլ ստեղծվեն ինքնուրույն մշակութային նախագծեր։

– Մամուլում լուրեր են շրջանառվում, թե հենց Դուք եք հրավիրել Նիկոլ Փաշինյանին ներկայացմանը՝ նպատակ ունենալով ընդգրկվել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի հավակնորդների ցանկում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները։

- Նայեք, «Մեր ժամանակների հերոսը» ցանկում ես արդեն ընդգրկվել եմ և անցյալ տարի, 2024 թվականի դեկտեմբերին, արժանացել եմ էդ մրցանակին, էս նախագծի համար, և նման խնդիր չկա, որ ես էդ շրջանակներում Նիկոլ Փաշինյանին հրավիրեմ: Էդ շրջանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնեց մրցանակը, որն իր նախագիծն է, կառավարության նախագիծն է, հանձնեց մրցանակը և ասաց, որ «Անպայման գալու եմ, տեսնեմ ՀանդԱրտը: Ինչ, որ տեսել եմ, կադրերով եմ տեսել, չմոռանաս՝ հրավիրես ինձ»: Եվ էդ շրջանակներում հրավիրել եմ։ Ուզում եմ՝ հստակեցնեք, որ 2024 թվականի դեկտեմբերին, մրցանակաբաշխության ընթացքում, երբ ՀանդԱրտն արժանացավ մրցանակի, արդեն մոտ 1 տարի գործում էր։ Մրցանակը հանձնվել է ինձ, բայց ես համարում եմ, որ մրցանակին արժանացել է ՀանդԱրտը: «Մեր ժամանակների հերոսը» նախագծի հիմքում ընկած է նորարարության, նոր ստեղծած մոդելի, նոր ստեղծած պրոյեկտների գնահատումը: Էդ ժամանակ որպես նորարարություն արժանացել էր կառավարության գնահատականին՝ ի դեմս վարչապետի։ Ուզում եմ սա նորից հստակեցնենք, և պաշտոնական շրջայցի ժամանակ, ուսունավարժությունից հետո, երբ մոտեցավ և հերթով բոլոր հերոսներին շնորհավորեց, էդ ժամանակ, ասաց՝ «Անպայման ուզում եմ գալ, և բոլորը նայեն, որովհետև կարևոր բան եք ստեղծել, և տարվա ընթացքում չմոռանաք ինձ հրավիրեք»։ Տարին փակվում էր, անկեղծ՝ մոռացել էի, որ խոստացել էի հրավիրել։

– Հաշվի առնելով վերջին օրերին նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկն ու հասարակական բուռն քննարկումները, պատրաստվո՞ւմ եք շարունակել ՀանդԱրտ-ի գործունեությունը, թե՞ կարող է ֆորմատի փոփոխություն տեղի ունենալ:

– Իսկ ի՞նչ է եղել, որ ես չշարունակեմ կամ ֆորմատը փոխվի։ Ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ է եղել։ Ընդհակառակը, ավելի պատասխանատվությամբ եմ շարունակում իմ գործունեությունը։ Եվ ընդհակառակը, հանդիսատեսը, այն հանդիսատեսը, ով գալիս է ՀանդԱրտ և գիտի, ինքն ինձանից պահանջում է ավելի բուռն աշխատել։ Որևէ բան չի եղել, ինչի՞ համար։ Ենթադրենք, կներեք, մի քանի «կայքեր», «լրագրողներ», կներեք, չակերտների մեջ եմ ասում, կամ մարդիկ, ովքեր վերնագիր կարդացող ստատուսների հետևորդներ են, ընդամենը վերնագրով կարող են առաջնորդվել…։ Իսկ մարդիկ, ովքեր պղտոր ջրում ձուկ էին փորձում որսալ, հանկարծ թիրախավորեցին Մկրտիչ Արզումանյանին, ինձ։ Ի՞նչի համար։ Լավ բան անելու՞։ Երբևէ մեկը եկե՞լ է այստեղ, նայել է՝ ինչ է տեղի ունենում։ Նայել է՝ ի՞նչ կարևոր իրադարձություն է։ 6 ներկայացում ենք բեմադրել՝ հայկական, դասական, հայի մասին ներկայացումներ։ Կա՞ մի թատրոն, որտեղ միայն հայկական և դասական ներկայացումներ են բեմադրվում։ Կա՞ մի թատրոն, որ շաբաթական չորս անգամ ներկայացում է դնում։ Եվ մարդիկ 40–50 կմ գալիս են այստեղ՝ ներկայացում նայելու։ Ի՞նչի համար։ Եթե մարդիկ իրենց նեղ անձնական չարության, տգիտության կամ, չգիտեմ՝ այլ բաների վրա փորձում են թիրախավորել մարդկանց, անկախ իրենց կամքից՝ մտցնել քաղաքականություն կամ փորձում են այնպես անել, որ մարդիկ քաղաքական հայացքներ ունենան և դա բարձրաձայնեն։ Յուրաքանչյուրն ունի քաղաքական հայացք։ Մարդիկ կան՝ դրանով ապրում են, բարձրաձայնում են։ Մարդիկ կան՝ իրենց համար օրակարգային չի։ Մեր համար օրակարգային չի։ Մենք քաղաքական որևէ ուղղվածության, բնույթի և տեսլականի չենք ենթարկվում։ Թեպետ՝ որպես անհատներ, ունենք մեր քաղաքական հայացքները, որը զուտ մեզ համար է։ ՀանդԱրտը ապաքաղաքական, ինքնուրույն, կայուն, ազատ, ստեղծագործական միջավայր է։ Հարթակ է, որտեղ առանց քաղաքականության՝ արարում է, ստեղծում է, հնչեցնում է հարցեր՝ մարդու, հայի, հայի կենցաղի, հայի պատմության, հայի ապրումների մասին։ Հայի, հայի և կրկին հայի մասին։

Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա էր գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է: Ռեժիսորն ու դերասան Մկրտիչ Արզումանյանը հանրային քննադատության էին արժանացել Նիկոլ Փաշինյանին բարևելու, նրա հետ նկարվելու համար։

Ամենից շատ դիտված

09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
08:38 Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. Ժողովուրդ
12:08 «ՀայաՔվե»-ն ներկայացնում է Վաղարշապատի ընտրախախտումների ամփոփ զեկույցը. ՈւՂԻՂ