copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 14:00 22-09-2025

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորը չի ցանկացել 450 հազար դրամ վճարել, ՀԿ–ի վրա արգելանք են դրել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակաբար պնդում էին բուհերն ապաքաղաքականացնելու անհրաժեշտությունը, «Իմ քայլը» շարժման շարքերում կանգնած ուսանողներին նման խոստումներ շռայլում, այնամենայնիվ մերօրյա իրականությունը բոլորովին այլ բանի մասին է։ Նախորդ 7 տարում բուհերը ապաքաղաքականացվելու փոխարեն ապահանրապետականացվեցին, իսկ ազատված տեղերը շատ կարճ ժամանակահատվածում համալրվեցին նորաթուխ ՔՊ-ականներով։ Կարճ ասած՝ ապահանրապետականացումից հետո բուհերը ՔՊ-ականացվեցին։

Եթե նախկին իշխանությունների օրոք կուսակցականացված էին բուհերի ղեկավար մարմինները, այժմ կուսակցականացվում են նաև պրոֆեսորադասախոսական կազմերը, և ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները տարբեր պատրվակներով հեռացվում են աշխատանքից։ Ասվածի լավագույն վկայությունը Երևանի պետական համալսարանն է․ մայր բուհում տարիներ շարունակ առկա էր ակադեմիական համերաշխություն, և իշխանական ու ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները կողք կողքի աշխատում էին միմյանց հետ։ Իրավիճակը փոխվեց, երբ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը կարգվեց ԵՊՀ ռեկտոր ու կամայականորեն սկսեց ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին ազատել աշխատանքից։

Թվում էր՝ դժվարությամբ ռեկտոր կարգված Հովհաննես Հովհաննիսյանը գոնե պրոֆեսորադասախոսական կազմի «զտումներից» հետո իր ողջ ուշադրությունը կկենտրոնացներ ԵՊՀ-ի վրա, սակայն վերջինս նախընտրեց հուսախափ անել նման պատրանք ունեցողներին․

Oragir.News-ին հայտնի է, որ Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ միասին հիմնադրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտը» և տարիներ աշխատել այնտեղ։ Անափիոսյանը փոխնախարար նշանակվելուց հետո 2018 թվականի հունիսի 15-ին թողել է ՀԿ-ի ղեկավարի պաշտոնը և նրա փոխարեն նախագահ է դարձել Ավետիք Մեջլումյանը։ Լավատեսորեն ակնկալում էինք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ևս պետք է այս ՀԿ-ի հետ առնչություն չունենար, քանի որ այն կարող է շահերի բախում առաջացնել։ Կառավարության պետական միասնական գրանցամատյանում՝ E-register.am-ում, ՀԿ-ի հիմնադիրների վերաբերյալ տեղեկություններ չկային, ինչը ևս մեզ լավատեսության հիմքեր տվեց, սակայն մեր լավատեսությունը կարճ տևեց, երբ ուսումնասիրեցինք ՀԿ-ի մասնակիցների նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ տեղեկատվությունը․

Մասնավորապես՝ 2025 թվականի ապրիլի 4-ին ՀԿ-ի նկատմամբ արգելանք է կիրառվել՝ մի դատական գործի շրջանակներում, որով Հովհաննես Հովհաննիսյանից հօգուտ Քրիստինա Գրիգորյանի պետք է բռնագանձվեր 450 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև պարտապանին՝ տվյալ դեպքում Հովհաննիսյանին, արգելվել է տնօրինել իր գույքը։ Արգելանքը հանվել է օրեր անց՝ ապրիլի 11-ին, երբ Հովհաննիսյանը կատարել է դատարանի վճիռը ու վճարել գումարը։

Փաստացի՝ Հովհաննես Հովհաննիսյանը, չի ցանկացել կատարել դատարանի վճիռը ու վճարել Քրիստինա Գրիգորյանի փաստաբանի վարձատրության գումարը, ու դա ստիպված է եղել կատարել բացառապես այն բանից հետո, երբ կալանք է դրվել նրա ՀԿ-ի վրա։

Oragir.News-ը «Հանրային քաղաքականության ինստիտուտից» փորձեց հետաքրքրվել՝ ի՞նչ առնչություն ունի Հովհաննես Հովհաննիսյանն իրենց հետ, սակայն այս հաստատությունում ևս գործում էին ԵՊՀ-ի «ավանդույթները» և մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Եթե այս հրապարակումից հետո ՀԿ-ից կցանկանան մեկնաբանություն տրամադրել, Oragir.News-ը պատրաստ է լսել և հրապարակել նրանց մոտեցումը, որը պարզելու փորձեր մի քանի փորձ կատարել է։

Հավելենք նաև, որ Քրիստինա Գրիգորյանը Հովհաննես Հովհաննիսյանի նախկին կինն է, ով ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորին դատի է տվել՝ ալիմենտի բռնագանձման պահանջով, սակայն Oragir.News-ն այս դրվագով մանրամասներ չի ցանկանում հրապարակել՝ հարգելով պաշտոնյաների անձնական կյանքի իրավունքը։