Ներքին 9 ամիս առաջ - 13:25 22-09-2025

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտում աշխարհում մեծ հեղինակություն վայելող Freedom House մի շարք միջազգային և հայաստանյան գործընկերների հետ համատեղ հրապարակել է փաստահավաք զեկույց, որը հաստատում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացրել է համակարգված և նպատակաուղղված քաղաքականություն, որի հետևանքով Արցախի էթնիկ հայ բնակչությունը իրենց պատմական հայրենիքից հարկադրաբար տեղահանվել և ենթարկվել է էթնիկ զտման։

Այս զեկույցը ուսումնասիրում է Արցախում բնակվող էթնիկ հայերի կարգավիճակը՝ սկսած 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը և դրա հետևանքները։ Հարյուրավոր վկաների հարցազրույցներ և բաց աղբյուրներից տվյալներ ներառող միջազգային փաստահավաք ջանքերի միջոցով վերլուծությունը նպատակ ունի պատասխանել, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Արցախում էթնիկ հայեր չեն ապրում։ Այն փաստում է, թե ինչպես են Արցախում բնակվող մարդիկ դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, զրկվել մարդու հիմնարար իրավունքներից և բավարար կենսապայմաններից, ինչպես նաև բռնի տեղահանման։ Ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարության հիման վրա՝ Արցախը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից ազատելու համար:

Զեկույցը ամփոփվել է եզրակացությամբ, որի հիմնական կետերը հետևյալն են՝

1.Արցախի հայ բնակչությունը ենթարկվել է շարունակական և զանգվածային մարդու իրավունքների խախտումների Ադրբեջանի կողմից, ներառյալ՝

Սննդի, դեղորայքի, ջեռուցման, էլեկտրաէներգիայի ու վառելիքի երկարատև պակասի
Տրանսպորտային շրջափակման և ազատ տեղաշարժի խախտման
Հոգեբանական ահաբեկման և ֆիզիկական սպառնալիքների
2. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական գործողությունն իրականացվել է բնակչության արդեն իսկ խոցելի վիճակի պայմաններում, ինչը խորացրել է ճգնաժամը։

3.Փաստագրվել են կամայական կալանավորումներ, խոշտանգումներ, վատ վերաբերմունք, խաղաղ բնակչության ու զինվորականների դիտավորյալ սպանություններ, այդ թվում՝ խաղաղապահների ներկայությամբ։ Նման գործողությունները ենթակա են պատերազմական հանցագործությունների որակավորմանը։

4.Ադրբեջանի վարած քաղաքականությունը համակարգված և նպատակաուղղված է եղել՝ հայ բնակչությանը Արցախից դուրս մղելու համար, ներառյալ՝

Հարկադրանք, վախի մթնոլորտ, սոցցանցերում տարածվող սպառնալիքներ
Հայ մշակութային ժառանգության ոչնչացում ու սեփականության թալան
Ազգային պատկանելությամբ պայմանավորված խտրական մոտեցում
5.Արցախի շուրջ 100,000 հայեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը՝ չունենալով իրական այլընտրանք, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է հարկադիր տեղահանում և էթնիկ զտում։

6.Սահմանված է, որ 2023 թ․ սեպտեմբեին արցախահայության զանգվածային տեղահանումը չի եղել կամավոր, և չի հիմնավորվել որևէ օրինական հիմքով (օրինակ՝ ռազմական անհրաժեշտություն)։ Բնակչության վերադարձի ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։

7.Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը, ներառյալ՝ նախագահի հրապարակային ելույթները, վկայում են այդ գործողությունների կանխամտածված և համակարգված բնույթի մասին։

8.Միջազգային կառույցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և Եվրախորհրդարանը, հաստատել են՝ տեղի ունեցածը բնութագրվում է որպես էթնիկ զտում։

Զեկույցն արձանագրում է՝ Ադրբեջանը կատարել է ծանր միջազգային հանցագործություն՝ հայ բնակչության հարկադիր տեղահանում, ինչը միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությամբ (ստատուտ) համարվում է հանցագործություն մարդկության դեմ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան