copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 14:40 16-09-2025

Հայ կինոյի ապագան հասկանալու համար պետք է ճանաչել անցյալը. Արմեն Կարաօղլանյան

Oragir.News-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Գլենդելի հայկական կինոփառատոնի նախագահ Արմեն Կարաօղլանյանի հետ փառատոնի ստեղծման պատմության, մարտահրավերների ու ձեռքբերումների, հայկական կինոյի անցյալի ու ներկայի միջև կառուցվող կամրջի, ինչպես նաև համաշխարհային կինոյում հայերի ներկայության մասին։

- Գանք ամենասկզբից։ Ի՞նչն է Ձեզ ներշնչել հիմնադրելու Գլենդելի Հայկական Կինոփառատոնը, և ի՞նչն էր բացակայում ԱՄՆ-ի կինոմշակույթում, որը ցանկացաք լրացնել այս փառատոնի միջոցով։

Արմեն Կարաօղլանյան -
Հայկական Կինոփառատոնը (Armenian Film Festival) ծնունդ առավ այն բանից հետո, երբ Armenian Film Society-ին («Հայկական կինոհասարակությունը») տարիների ընթացքում կազմակերպել էր շարունակական ծրագրեր։ 2023 թվականին մենք զգացինք, որ բավականաչափ հզոր համայնք ենք ձևավորել հաջորդ քայլն անելու՝ փառատոն կազմակերպելու համար։ Ամերիկայում միայն հայ կինոյի և կինոգործիչների վրա կենտրոնացած որևէ փառատոն չկար, և մենք ուզում էինք ստեղծել մի հարթակ, որը նշանավորում է այս արվեստագետներին և նրանց աշխատանքը դնում է կենտրոնում։

-Փառատոն նախաձեռնելը միշտ էլ համարձակ քայլ է։ Ի՞նչ դժվարությունների առերեսվեցիք՝ Հայկական Կինոփառատոնը կյանքի կոչելիս, և ինչպե՞ս հաջողվեց դրանք հաղթահարել։

Արմեն Կարաօղլանյան -
Ծիծաղելին այն է, որ սկզբում մենք անգամ չէինք պատկերացնում, որ դա դժվար կլինի։ Այդ պահի դրությամբ մենք արդեն կազմակերպել էինք հարյուրավոր միջոցառումներ ու ցուցադրություններ, և ենթադրեցինք, թե պարզապես պետք է այդ ամենը խտացնել մեկ շաբաթվա ընթացքում։ Շուտով հասկացանք, որ իրականում ամենևին էլ այդպես չէ։ Ամենախոշոր մարտահրավերը լոգիստիկան էր։ Մենք փոքր թիմ ենք՝ սահմանափակ ռեսուրսներով, ու միասնական և կանոնակարգված կինոփառատոն ստեղծելը շատ ավելի դժվար էր, քան սպասում էինք։

Ինչպե՞ս է Հայկական Կինոփառատոնը հավասարակշռում սփյուռքի համար մշակութային իրադարձություն և միջազգային ամբիցիաներ ունեցող կինոփառատոն լինելու միջև։

Արմեն Կարաօղլանյան -
Դա այն հավասարակշռությունն է, որ մեր գործունեության հիմքում է։ Մի կողմից, Հայկական կինոփառատոնը խորապես արմատավորված է հայկական համայնքում։ Այն հարթակ է, որտեղ հայկական սփյուռքը կարող է միավորվել, տոնելու համար մեր մշակույթը և տեսնելու մեր սեփական պատկերը էկրանին։ Միևնույն ժամանակ, մենք փառատոնի կազմակերպմանը մոտենում ենք նույն խստությամբ և պահանջկոտությամբ, ինչպես ցանկացած միջազգային կինոփառատոնը։ Մենք ցանկանում ենք ներկայացնել հայ կինոգործիչների ստեղծած համաշխարհային մակարդակի չափանիշներին համապատասխան կինոն և նրանց աշխատանքը մատուցել լայն համաշխարհային մշակութային քննարկումների համատեքստում։ Միշտ ձգտել ենք ներկայացնել հայկական պատմությունները այնպես, որ դրանք հնչեն ոչ միայն մեր համայնքի ներսում, այլև շատ ավելի լայն շրջանակներում։

-Ամերիկյան հանդիսատեսի համար ծրագիր կազմելիս, երբ լսարանի կեսը հայ է, իսկ մյուս կեսը՝ ոչ, ի՞նչ պատասխանատվություն եք զգում այն առումով, թե ինչպես է հայկական կինոն «խոսում» այդ երկու իրարից տարբեր լսարանների հետ։

Արմեն Կարաօղլանյան -
Մենք պետք է հարգենք երկուսին էլ։ Դա նշանակում է ընտրել ֆիլմեր, որոնք բազմաշերտ են, հասանելի այլ ազգերի համար, բայց միևնույն ժամանակ՝ բավական խորքային ընկալման շերտով նրանց համար, ովքեր խորապես կապված են հայկական մշակույթի հետ։

-Ո՞րն է հիմնական սկզբունքը ֆիլմերի ընտրության ժամանակ՝ ֆիլմի գեղարվեստական որա՞կը, մշակութային արժե՞քը, թե՞ հանդիսատեսի համար հասանելիությունը։

Արմեն Կարաօղլանյան -
Բոլոր նշվածներն էլ կարևոր են, բայց գեղարվեստական որակի կարևորությունը առաջնահերթություն է։ Մենք ցանկանում ենք ընտրել ֆիլմեր, որոնք կարող են գնահատվել և հպարտությամբ ներկայացվել ցանկացած միջազգային փառատոնում։ Իսկ մշակութային հնչեղությունն ու հանդիսատեսի հետ կապի հնարավորությունը դիտարկում ենք որպես հավելյալ առավելություն։

- Այսօր բազմաթիվ հայ կինոգործիչներ ապրում և ստեղծագործում են արտերկրում։ Նրանց աշխատանքը Դուք դիտարկում եք որպես հայկական ազգային կինոյի մա՞ս, թե՞ այնուամենայնիվ՝ որպես սփյուռքի ձայն՝ իր յուրահատուկ ինքնությամբ։

Արմեն Կարաօղլանյան -
Շատ առումներով՝ երկուսը միասին: Ես հաճախ սփյուռքում ստեղծված կինոնկարները դիտում եմ որպես «հայկական կինո», քանի որ հայկական կինոն իր բնույթով միշտ եղել է սփյուռքահայ կինոգործիչների ստեղծագործության արդյունք։ Այն միշտ ունեցել է վերազգային բնույթ։ Մեր կինոգործիչներն իրենց հետ կրում են Հայաստանը՝ անկախ նրանից, թե աշխարհի որ կետում են ստեղծագործում։ Սփյուռքի ձայները առաջ են բերում յուրահատուկ դիտանկյուններ, որոնք ձևավորվել են հեռավորության, ձուլման կամ վտարանդիության փորձառության միջոցով։ Իսկ միասին դրանք ընդլայնում և հարստացնում են հայկական կինոյի իմաստն ու սահմանները։

- Կինոփառատոնի ծրագրում ներառվում են նաև հայկական դասական ֆիլմեր և ռեստավրացիաներ։ Ձեզ համար կարևո՞ր է դասական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմարտադրության միջև կապ հաստատելը։

Արմեն Կարաօղլանյան -
Կենսական կարևորություն ունի։ Չես կարող գնահատել, թե ուր է գնում հայ կինոն, եթե չես ըմբռնում, թե որտեղից է այն եկել։

-Գլենդելը Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքներից մեկն է։ Ինչպե՞ս է տեղի հանդիսատեսը ձևավորել Ձեր փառատոնի բնույթն ու առաջնահերթությունները։

Արմեն Կարաօղլանյան -
Գլենդելը մեր ինքնության անբաժանելի մասն է։ Այստեղի հանդիսատեսը կրքոտ է և արտահայտվող, և նրանց «ախորժակը» հայկական պատմությունների հանդեպ մեզ իսկապես մղել է ավելի մասշտաբային մտածելու։ Այս համայնքը նաև շատ բազմազան է։ Մենք չենք կարող նեղ ուղղվածությամբ ծրագրեր կազմել, պետք է ներառենք հայկական փորձառության ողջ բազմազանությունը։

- Ցուցադրություններից բացի ի՞նչ նախաձեռնություններ եք իրականացնում՝ պանելային քննարկումներ, հարցուպատասխաններ, վարպետաց դասեր, որպեսզի խորացնեք հանդիսատեսի ներգրավվածությունը հայկական կինոիրադարձություններում։

Արմեն Կարաօղլանյան -
Մենք միշտ դիտարկել ենք ցուցադրությունները որպես մեկնարկային կետ։ Չենք սահմանափակվում կինոփառատոնի ավանդական մոդելով, և նպատակ ունենք առաջարկել յուրահատուկ փորձառություններ։ Հարցուպատասխանները հնարավորություն են տալիս հանդիսատեսին անմիջական երկխոսություն վարել կինոգործիչների հետ, իսկ պանելները բացում են լայն թեմաների՝ ինքնության, սփյուռքի և ներկայացվածության քննարկման դաշտը։ Նպատակն է՝ փոխակերպել պասիվ դիտումը ակտիվ ներգրավվածության։

- Հայաստանում շատերը տեղյակ չեն Գլենդելի հայկական կինոփառատոնի գոյության մասին։ Այս անտեղյակությունը համարո՞ւմ են որպես մարտահրավեր, և նախատեսո՞ւմ եք մեծացնել Հայաստանի հանդիսատեսի հետ կապն ու տեղեկացվածությունը։

Արմեն Կարաօղլանյան -
Սա միաժամանակ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Մենք ցանկանում ենք լինել կամուրջ, ոչ թե այնպիսի փակ համակարգ, ինչպիսին եղել են այլ բազմաթիվ կազմակերպություններն ու կինոփառատոնները։ Մեր նպատակը հայ կինոգործիչների, կինոփառատոնների և մշակութային հաստատությունների հետ կապերի ամրապնդումն է։

- Որո՞նք են ամերիկյան մրցակցային մշակութային դաշտում հայկական փառատոն կազմակերպելու ամենամեծ դժվարությունները։

Արմեն Կարաօղլանյան -
Աշխարհը լի է կինոփառատոններով։ Անհրաժեշտ է ուժեղ բրենդավորում և կայուն ծրագրային քաղաքականություն։ Ամենամեծ մարտահրավերը ռեսուրսների սահմանափակ լինելն է, բայց հենց այս մարտահրավերներն են մեզ ստիպում նորարար լինել և գտնել մեր փառատոնի առանձնահատուկ ձայնը։

-Ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցությունը վճռորոշ է փառատոնի կայունության համար։ Ինչպե՞ս է Ձեր փառատոնը ապահովում իր ապագան՝ համայնքային ֆինանսավորմա՞ն, գործընկերությունների՞, թե՞ ավելի լայն մշակութային համագործակցությունների միջոցով։

Արմեն Կարաօղլանյան -
Համայնքային աջակցությունը մեր հիմքն է։ Մենք նաև գործընկերային կապեր ենք ստեղծել տարբեր հաստատությունների, բիզնեսների և այլ համագործակցողների հետ։ Կայունությունն ապահովվում է բազմազանությամբ, որ ոչ մի աղբյուր միայնակ չկանխորոշի մեր ապագան։

- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ դիրք է զբաղեցնում հայ կինոյի համաշխարհային կինոյի քարտեզի վրա՝ որպես նորահայտ ձա՞յն, թե՞ որպես ավանդույթ, որը սպասում է վերաբացահայտման։

Արմեն Կարաօղլանյան –
Երկուսն էլ։ Սակայն մեծ հնարավորություններ կան որպես նորահայտ ձայն։ Նոր սերնդի կինոգործիչները հանդես են գալիս համարձակ և նորարարական ֆիլմերով, որոնք հիմնված են իրենց նախորդների ստեղծագործական ժառանգության վրա։

- Երևանում, Լոնդոնում, Սիդնեյում և այլուր կազմակերպվում են հայկական կինոփառատոններ։ Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն ամրապնդելու կապերը այս միջոցառումների միջև՝ ստեղծելով ավելի համախմբված և միասնական հայկական կինոյի համաշխարհային ցանց։

Արմեն Կարաօղլանյան -
Մենք միշտ հետաքրքրված ենք գործընկերների հետ ավելի ամուր կապերի կառուցմամբ։ Մեզ անհրաժեշտ չէ մրցակցել, անհրաժեշտ է համագործակցել։ Սա վերաբերում է ոչ միայն կինոփառատոններին, այլև բոլոր հայկական կազմակերպություններին ու անհատներին։

- Հայկական կինոփառատոնի ամփոփումից հետո կարո՞ղ եք առանձնացնել փառատոնի ամենահիշարժան ու տպավորիչ պահերը՝ ֆիլմերի, հանդիսատեսի արձագանքի, ընդհանուր մշակութային ազդեցության առումով։

Արմեն Կարաօղլանյան -
Այս տարվա Հայկական Կինոփառատոնը ինձ համար չափազանց զգացմունքային էր։ Մենք հյուրընկալեցինք հանդիսատեսների ողջ աշխարհից՝ Հայաստանից, Ավստրալիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և այլ երկրներից։ Հինգ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ներկա էր ավելի քան 3000 մարդ։ Մենք բոլորս միաժամանակ ծիծաղեցինք, լաց եղանք և ունեցանք հնարավորություն կիսելու պահեր, որոնք կմնան մեզ հետ ողջ կյանքի ընթացքում։


Հայկական Կինոփառատոնը՝ Գլենդելի հանրահայտ "Alex Theatre" կինոթատրոնում

Էլեն Դանիելյան