Ներքին Տեսանյութ Մշակույթ 2 ամիս առաջ - 13:30 12-09-2025

Ավինյանը խոստացավ, բայց ոչինչ չարեց․ ինչո՞ւ են «ՀայԱրտ»-ից հանվել Էդուարդ Իսաբեկյանի կտավները

ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը դադարել է գործել, ինչը, իր խոսքով, շատերի ցանկությունն էր։ Նա նշել է, որ նույնիսկ ցուցասրահի գրություններն են հեռացվել, և այս ամենն արվել է նպատակային՝ ցուցասրահը վերացնելու միտումով։

Հիշեցնենք որ Հայաստանի ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակիր Էդուարդ Իսաբեկյանի կյանքի և ստեղծագործական ուղուն նվիրված ցուցասրահի հիմքը դրվել էր 2004 թվականին, բացումը կատարվել՝ 2013 թվականին՝ Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայԱրտ» կենտրոնի ցուցասրահի երկու հարկերում և արդեն մեկուկես տարի է, ինչ հանվել են նկարները, վերջերս էլ շենքի վրայի գրառումը։

Իսաբեկյանի պնդմամբ՝ 2013 թվականին բացված սրահը, որտեղ ցուցադրվում էին Երևան քաղաքին նվիրված Էդուարդ Իսաբեկյանի 28 կտավները, վերացվել է նենգ կերպով։ Նա այս գործընթացի պատասխանատվությունը վերագրում է «ՀայԱրտ» կենտրոնի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարությունյանին՝ ընդգծելով, որ այս ամենն իրականացվել է նաև Տիգրան Ավինյանի աջակցությամբ։

Արամ Իսաբեկյանը նաև հայտնել է իր զարմանքն ու հիասթափությունը Տիգրան Ավինյանի պահվածքից՝ նշելով, որ անձամբ հանդիպել է նրա հետ, ներկայացրել պայմանագիրը, որով ապահովվում էր նկարների մշտական ցուցադրությունը։ Նրա խոսքերով՝ Ավինյանը խոստացել է զբաղվել խնդրով և լուծում տալ, սակայն արդյունքում ամեն ինչ արվել է՝ առանց իրեն տեղեկացնելու

Նա խուսափել է մանրամասն խոսել այն ցավի մասին, որն, ըստ իրեն, պատճառվել է իրեն այս գործընթացում, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչու է նման վերաբերմունք դրսևորվում Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների նկատմամբ։ Արամ Իսաբեկյանը նշել է նաև, որ չի ցանկանում, որպեսզի այս թեման քաղաքականացվի կամ օգտագործվի որևէ մեկի կողմից անձնական նպատակներով, սակայն շեշտել է, որ կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց քայլերը անհամատեղելի են Էդուարդ Իսաբեկյանի բարձրարժեք ժառանգության հանդեպ ունեցած հարգանքի և գնահատանքի հետ։


Oragir.News-ի հետ զրույցում Արամ Իսաբեկյանը նշեց, որ «ՀայԱրտ» կենտրոնի տնօրինությունը՝ մասնավորապես Սոնա Հարությունյանի նշանակումից հետո, ցանկանում է տարածքը օգտագործել այլ նպատակներով։ Նա ընդգծեց որ չնայած վատ բանի համար չեն անում, այնուամենայնիվ, ցուցասրահում մշտապես պետք է ցուցադրվեին Էդուարդ Իսաբեկյանի նկարները։ Այս պահին, սակայն, անհայտ է դրանց հետագա ճակատագիրը, քանի որ կտավները փաստացի պատկանում են Երևանի քաղաքապետարանին։

Հարցրինք նաև, արդյոք պարոն Իսաբեկյանը զրուցե՞լ է Տիգրան Ավինյանի հետ։ Իսաբեկյանն ասաց, որ հանդիպել է Ավինյանի հետ, ներկայացրել քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը։ Քաղաքապետը խոստացել է ուսումնասիրել հարցը և պատասխանել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել։ Բացի այդ, Իսաբեկյանը նշեց, որ հիմա չի կարողանում կապ հաստատել Ավինյանի հետ։

Մենք հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Արամ Իսաբեկյանը արձագանքո՞ւմ է մշակութային այլ խնդիրներին, որոնց հետ առնչություն ունեն քաղաքապետարանը կամ կառավարությունը։ Արամ Իսաբեկյանի խոսքով բազմաթիվ բաներ կան, որոնք իրեն ևս դուր չեն գալիս, սակայն որոշ լավ, հետաքրքիր բաներ էլ են լինում․

«Քննադատություն միշտ կա, թերությունները միշտ եմ նկատում, ասում ենք խոսում ենք մենք իրար մեջ, տեղյակ ենք պահում այդ թերությունների մասին։ Բայց միշտ չի որ դա հրապարակվում է կամ պետք է որ լինի սոցցանցերում Ոնց որ բոլորինա հուզում, ովքեր սրտացավ են այդչափ էլ ինձ, ես չեմ տարբերվում մարդկանցից»։

Oragir.News-ի հարցին, թե լինելով արվեստագետ, ժողովրդական արտիստ, որքանո՞վ է ճիշտ այդ ամենը խոսել և քննարկել միմյանց հետ, այլ ոչ հանրային կերպով՝ Իսաբեկյանը պատասխանեց․ «Ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և՛ գրավոր, և՛ հեռուստատեսությամբ, եղել եմ 28 տարի ռեկտոր՝ Գեղարվեստի ակադեմիայում բազմաթիվ առիթներ եմ ունեցել իմ կարծիքը հայտնելու և միշտ չէ, որ գովեստի խոսքեր են եղել, եղել են բողոքներ, անհամաձայնություններ։ Իմ կյանքը հենց դրա պատճառով էլ եղել է դժվար, քանի որ չեմ լռել, արտահայտվել եմ»։

«Ամենակարևորը այդ աշխատանքներն են, դրանք բարձրաժեք արվեստի գործեր են և դրանց ճակատագիրն է կարևոր, մնացածը հեչ»։ - հավելեց Արամ Իսաբեկյանը

«ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն էլ փոխանցեց մեզ, որ կենտրոնում ոչինչ չի դադարեցվել։ Նա ընդգծեց, որ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը՝ որպես առանձին իրավաբանական միավոր, գոյություն չի ունեցել, իսկ նկարները տրամադրվել են քաղաքապետարանին՝ ցուցադրության նպատակով․
«Այս պահին կենտրոնը սկսել է միջազգային նախագծերի իրականացում, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ թանգարանի տարածքը։ Մենք հիմա դադարեցրել ենք, որպեսզի իրականացնենք մեր հաջորդ նախագիծը»։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նկարները կրկին ցուցադրվեն, Սոնա Հարությունյանը դրական պատասխան տվեց։ «Թանգարանն ունի իր ժամանակացույցը՝ տարբեր նախագծերով, և կախված ծրագրերի ծավալից ու բովանդակությունից՝ թանգարանի էքսպոզիցիան ժամանակ առ ժամանակ փոփոխվում է»։

Լրագրող՝ Անի Կեսոյան
Մոնտաժող՝ Զավեն Օհանյան