copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:12 08-09-2025

Ծիծեռնակաբերդը ոչ միայն հուշարձան է, այլև ազգային վերածննդի սիմվոլ. Վիկտոր Մնացականյան

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման գործընթացը, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ նպատակ ունի բարելավել ենթակառուցվածքները և ամրացնել հուշարձանը, առաջացրել է հասարակական լուրջ մտահոգություններ։ Քաղաքացիները և մասնագետները պնդում են, որ աշխատանքները կատարվում են ոչ մասնագիտական մոտեցմամբ, ինչը կարող է անդառնալի վնաս հասցնել համազգային արժեք ներկայացնող կառույցին։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է այն, որ շինարարությունը կազմակերպված չէ Երևանի շինարարական կանոնակարգին համապատասխան։ Ըստ օրենքի՝ նման աշխատանքների ժամանակ տարածքը պետք է շրջափակված լինի պաշտպանիչ ծածկով՝ շրջակայքը փոշուց և շինարարական աղբից պաշտպանելու համար։ Միջազգային փորձը ցույց է տալիս նաև, որ վերանորոգվող հուշարձանները ծածկվում են պաստառով, որի վրա պատկերված է հուշարձանի օրիգինալ տեսքը․ այս կերպ պահպանվում է և՛ գեղագիտական ամբողջականությունը, և՛ հասարակության հոգեբանական ընկալումը։

Դա ոչ միայն ապահովում է տարածքի գեղագիտական ամբողջականությունը, այլև հոգեբանական անվտանգության զգացում է ստեղծում հասարակության մեջ․ մարդիկ պաստառի վրա տեսնում են խորհրդանիշն ամբողջական ու կանգուն վիճակում։

Իսկ այստեղ իրավիճակն այլ է։ Հանրությանն ի ցույց է դրվում կիսաքանդ, փոշոտ և անփույթ տեսարան։ Այս մոտեցումը վտանգավոր հոգեբանական հետևանք կարող է ունենալ։ Մարդիկ, ամիսներ շարունակ նման վիճակում տեսնելով ազգային խորհրդանիշը, աստիճանաբար սովորում են այն ընկալել ոչ թե որպես կանգուն ու հաստատուն սիմվոլ, այլ որպես քանդված և խարխլված կառույց։ Երբ հասարակությանը կրկնվող կերպով ներկայացվում է խորհրդանշանը քանդված վիճակում, մարդիկ անգիտակցաբար սկսում են ընդունել այդ տեսքը որպես նորմալ, նույնիսկ հնարավոր ապագա տարբերակ։ Այսինքն՝ վտանգն այն է, որ հիշողության և ինքնության խորհրդանիշը ոչ թե պարզապես ենթարկվում է վերանորոգման, այլ ենթարկվում է գաղափարական նսեմացման։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքային պլանավորող, իրավաբան-իրավագետ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ խնդիրը ոչ միայն կատարվող աշխատանքի որակն է, այլև պատասխանատվության բացակայությունը:

«Ցավոք՝ Երևանում չեն լինում իրական պատասխանատուներ։ Ինչ-որ մարդկանց ժամանակավոր ձերբակալում են, կալանավորում, բայց իրականում էֆեկտ չի լինում, Երևան քաղաքը չի շահում դրանից: Կարծում եմ՝ առաջին հերթին ԿԳՄՍ նախարարությունից, որպես պատվիրատուի, պետք է պատասխան պահանջել: Եթե թանգարանի տնօրենը գիտական աշխատող է, ապա հասկանալի է, բայց տեղակալ պիտի լինի՝ չէ՞։ Բոլոր ՊՈԱԿ-ներում լինում են ֆինանսական, տնտեսական, ադմինիստրատիվ հարցերի պատասխանատուներ: Այստեղ նաև քաղաքի պատիվն է։ Երևանի քաղաքն էլ պետք է ձայն հանի, ինչ-որ դիրոքորոշում ունենա: Էլ չեմ ասում կիսաիմպոտենտ Ճարտարապետների միության մասին։ Ի՞նչ կարծիք ունի Ճարտարապետների միությունը: Ժամանակին նման միջոցառումները անգամ քննարկելուց, անգամ վերակառուցումների հարցով, Ճարտարապետների միության վարչությունը քննարկում էր, և մինչև չհաստատեին, հարցը չէր գնում Շինարարության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն: Էլ չասած, որ ԿԳՄՍ նախարությունն ունի նաև Գիտամեթոդական հանձնաժողով, որը երբ ինչ-որ մեկը ուզում է մի հատ տանիք սարքի կամ մի օդորակիչ տեղադրի, վեց ամիս տանում-բերում են, յոթ հարյուր հոգով ստորագրում են, բայց երբ գործը հասնում է ամենակարևորին ... չեմ հասկանում»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։

Նա հիշեցրեց, որ ընդամենը 22 տարի առաջ, երբ Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացվել էր հուշահամալիրի վերանորոգումը, պահպանվել էին բոլոր ընթացակարգերը՝ և՛ հեղինակային, և՛ էսթետիկայի, և՛ քաղաքաշինական, ճարտարապետական, և՛ պատմամշակութային առումով․ «Այդ ժամանակ վերահսկողությունն ուժեղ էր, և խնդիրներ չկային»։




Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրի նորոգումը` 2003 թ., սեպտեմբեր, պատվիրատու` «Լինսի հիմնադրամ»

Մնացականյանի խոսքով՝ ամենամեծ վնասներից մեկն արդեն հասցվել է. Ծիծեռնակաբերդի ճեմուղին և տոմետ սալաքարերը, որոնք Երևանի ինքնության մաս էին և դեռ տասնամյակներ կարող էին ծառայել, ապօրինի կերպով քանդվել և վաճառվել են մասնավոր տարածքներում։

«Երևանի ամենասիրուն տոմետները, սալաքարերը, որոնք կան նաև Աբովյան փողոցում, լավագույնները՝ հարյուրավոր մետրերով, հազարավոր քառակուսիներով ոչնչացվեցին՝ առանց պատշաճ հիմնավորման, քաղաքապետարանում հայտնված ինչ-որ ժամանակավոր պաշտոնյայի պատճառով: Դա քաղաքի համար հսկայական կորուստ էր։ Ոչ ոք չապացուցեց՝ ո՞վ է պատասխանատուն, ու ո՞ւր տարան այդ սալաքարերը։ Հենց այսպիսի անպատժելիությունն էլ բերում է նման իրավիճակների»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքներում օգտագործվում են անորակ ասֆալտ և օտարերկրյա էժան աշխատուժ․ վերահսկողություն պարզապես չկա։

«Բայց լավ է, որ Անահիտ Թարխանյանը, Հայկ Դեմոյանը, Սաշուր Հրայրիչը իրենց դիրքորոշումը շատ հստակ հայտնել են, որ սա բարբարոսություն է: Պարզվեց, որ ամեն քառակուսու համար հազար դոլարից ավելի փող պետք է ծախսվի: Այսինքն, պետությունը դուրս է գրել հազար դոլար, իրենք բերել են ինչ-որ օտարերկա բանվորների որպես էժան աշխատուժ, վերահսկող չկա, որովհետև որևէ մեկը ԿԳՄՍՆ-ից կամ ինչ-որ այլ կառույցից պատասխանատվության չի ենթարկվել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մնացականյանն ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդը միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վայր չէ, այն նաև ազգային վերածննդի սիմվոլ է։ Նման անփույթ վերաբերմունքը, ըստ նրա, վտանգում է նաև մյուս խորհրդանշական կառույցների ապագան։


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, 60-ականներ

«Այսօր Ծիծեռնակաբերդն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ արժեքավոր կառույց, վաղը չէ մյուս օրն էլ Սարդարապատն են քանդելու։ Ճարտարապետները, մշակույթի գործիչները և մասնագետները պետք է բարձրաձայնեն, բայց ցավոք լռում են», – նշեց նա։

Խնդրի լուծումն, ըստ Մնացականյանի, պետական համալիր մոտեցման մեջ է․


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը 60-ականներ

«Ծիծեռնակաբերդի ամբողջ տարածքը՝ տասնյակ հեկտարներ, պետք է ընդգրկվի ծրագրում, այլ ոչ թե մասնակի հատվածները։ Բերեցին, չորս հեկտարի վրա ծառատունկ են անում, ուղղակի՝ էն ամենաերևացող տեղում։ Մնացածը վարի ա գնում, ճանապարհները նույնպես, բայց անունը դնում են ամբողջ համալիրը։ Շրջակայքում պատմամշակութային շերտեր կան, իզուր չէ Ծիծեռնակաբերդ անուն է ունեցել, ի՞նչ հետազոտություններ կան, ի՞նչ հնէաբանական, ազգագրական ուսումնասիրություններ: Մենք ամբողջական ուսումնասիրություն պետք է ունենանք, էլ չեմ ասում, թե կառույցն առանձին ինչ կարևոր նշանակություն ունի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերաբերյալ գիրք կա գրված Կարեն Վլադիմիրովիչ Բալյանի հեղինակությամբ: Այն մասին, թե այդ ամբողջ քրտնաջան աշխատանքը ինչ դժվարությամբ են կարողացել անել, ի՞նչ քաղաքական ենթատեքստ է եղել՝ 1965-ի հայտնի հանրահավաքը, որի արձագանքը հասել է մինչև Մոսկվայի ԿԳԲ: Վերանորոգումը պետք է իրականացվի մասնագիտական վերահսկողությամբ և գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ»,- եզրափակեց Վիկտոր Մնացականյանը։




Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» աշխատանքները, 2025 թվական

Էլեն Դանիելյան