Ավելին 10 ամիս առաջ - 18:45 08-09-2025

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հարգանքի տուրք կմատուցի մարդասիրական գործիչներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, նշելով իր գործունեության 10-ամյակը, նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կանցկացնի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերներին ու բարերարներին։

Այս մասին հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակից՝ նշելով, որ ավելի լավ ապագայի հույսի խորհրդանիշ դարձած պատմական այս կղզում սպասվող բացառիկ միջոցառմանը փառաբանության կարժանանան համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատները, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ փրկելով ուրիշներին աշխարհի ամենաբարդ ու վտանգավոր կետերում։

Երեկոյի ավարտին կհայտարարվի 2025 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։ Նրան կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ աջակցելու առաջնագծում տարվող մարդասիրական աշխատանքին եւ ընդլայնելու ազդեցությունը՝ համայնքներում մարդասիրական աշխատանքով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների միջոցով։

«Այս հավաքի անցկացման խորհրդանշական վայրը հիշեցնում է մեզ, թե ինչու է ստեղծվել «Ավրորան»։ Այն ստեղծվել է՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում մեծահոգությունն ու առատաձեռնությունը մղում են կարեկցանքի եւ մարդասիրական քայլերի՝ ընդդեմ մարդկային մեծ տառապանքների։ «Ավրորայի» կողմից մեծարվող բարերարների եւ մարդասերների այն ձեռքբերումները, որոնք փոխում են մարդկանց կյանքը, ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի աշխարհում, որտեղ կա կարեկցանքի պակաս, մենք ունակ ենք առաջնորդվելու բարությամբ եւ ուրիշների հանդեպ հոգատարությամբ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ եւ Memory Matters ընկերության հիմնադիր Էլիս Գրինվալդը։

Դափնեկրից եւ մյուս հերոսներից բացի, մրցանակի շնորհման արարողությանը հարգի տուրք կմատուցվի նաեւ բարերարների, որոնք մարմնավորում են «Ավրորայի» հիմնական՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը եւ սեփական գործողություններով գնահատանքի արժանացնում այլոց ներդրումներն ու խիզախությունը։ Այս պատվարժան անձինք ներկայացնում են ժամանակակից բարեգործության հարատեւ ոգին՝ օգտագործելով իրենց ազդեցությունն ու ռեսուրսները՝ կյանքի կոչելու էական եւ տեւական փոփոխություններ։

Գրասա Մաշել՝ «Գրասա Մաշել» համայնքային զարգացման հիմնադրամի հիմնադիր, կանանց եւ երեխաների իրավունքների ջատագով, որն իր կյանքը նվիրել է ազատության, կրթության բարելավման եւ մարդկային արժանապատվության պաշտպանության գործին: Դպրոցի նախկին ուսուցիչ եւ Մոզամբիկի կրթության առաջին նախարար տիկին Մաշելն, աշխատելով The Elders կազմակերպության հետ, ուշադրության կենտրոնում է պահել մարդասիրական եւ մարդու իրավունքների ճգնաժամերն աշխարհում:

Մայքլ Միլքեն՝ Միլքենի ինստիտուտի նախագահ, ֆինանսիստ եւ բարերար, որն ավելի քան հիսուն տարի նվիրել է բժշկական հետազոտությունների, կրթության եւ հանրային առողջության աջակցությանը` ընդլայնելով կապիտալի հասանելիությունը: Որպես «Միլքեն» ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ Միլքենի ինստիտուտի հիմնադիր՝ նա խթանել է գիտական եւ սոցիալական առաջընթացն ամբողջ աշխարհում՝ ցույց տալով ռազմավարական բարեգործության ուժը:

Դեյվիդ Ռուբենսթայն՝ «Քարլայլ» ընկերության համահիմնադիր եւ համանախագահ, ֆինանսիստ եւ բարերար, որի գլոբալ աջակցությունը արվեստին, կրթությանը, առողջապահությանը եւ հասարակական նախաձեռնություններին թողել է երկարատեւ ազդեցություն։ Պարոն Ռուբենսթայնը նախագահում է մշակութային եւ կրթական մի շարք առաջատար հաստատություններ՝ մտածված եւ նպատակային բարեգործության միջոցով առաջ մղելով հանրային ծառայությունը։

Հենրիետա Հ. Ֆոր՝ ԱՄՆ ՄԶԳ նախկին ղեկավար, տնտեսության ոլորտի զարգացման, առողջապահության եւ կրթության բարելավման, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրման գործի առաջամարտիկ:

Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ տիկին Ֆորը ղեկավարել է կազմակերպության պատմության մեջ մանկական պատվաստանյութերի ամենալայնամասշտաբ գնման եւ մատակարարման գործընթացը, գլխավորել է երեխաների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման աշխատանքները:

Անդրադառնալով այս իրադարձության կարեւոր նշանակությանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը հավելել է․

«Մրցանակի շնորհման արարողությամբ կընդգծվի հիմնարար կապն անցյալում անվտանգություն փնտրողների եւ այսօր ուրիշներին օգնության ձեռք մեկնողների միջեւ։ Այս անհատները, որոնց մենք մեծարում ենք, արտացոլում են ժամանակակից բարեգործության իրական իմաստն ու ոգին։

Նրանցից յուրաքանչյուրը տասնամյակներ է նվիրել տարբեր եղանակներով աշխարհը բարեփոխելու գործին։ Եվ նրանց առատաձեռնությունը սերունդներին է փոխանցում երախտագիտության գաղափարն ու ազդեցությունը»։

Մրցանակի շնորհման արարողությունը կվարեն բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող Ջուդի Վուդրաֆը եւ բեսթսելլեր-հեղինակ, սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, կենդանի կատարումներով հանդես կգան «Գրեմմիի» առաջադրված երաժիշտներ Ռուֆուս Ուեյնրայթը եւ Ալոե Բլեքը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում