Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:00 08-09-2025

Ջուրը լվացքի, բանի բանացնում ենք, բայց խմում չենք. Լեջանի բնակիչ

Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում մարդիկ չեն հիշում, թե երբ են տանը խմելու ջուր ունեցել։ Տարիներ շարունակ լեջանցիները խմելու ջուրը կրում են գյուղի բնական աղբյուրներից կամ Լոռի Բերդ, Ստեփանավան բնակավայրերիցից՝ ավտոմեքենաներով։ Խմելու ջրի խնդիրը թերևս մարդկանց հուզող միակ հարցն է։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղի տարեց ու միայնակ բնակիչներից մեկը՝ Նվարդ տատիկը, ասաց, որ Լեջանում միշտ էլ խմելու ջրի խնդիր եղել է, թեև պարբերաբար խոստումներ են լսում, թե խնդիրը շուտով կկարգավորվի:

Գյուղացիները օգտվում են նաև մոտակա աղբյուրներից, քանի որ մատակարարվող ջուրը խմելու համար պիտանի չէ: Միայնակ տարեցները, ինչպես Նվարդ տատիկը, շատ են չարչարվում, ու մեծ դժվարությամբ են ջուրը տեղ հասցնում:

Պարզվում է՝ Լեջան և Ագարակ գյուղերում ջրի խնդիրը գալիս է դեռ խորհրդային տարիներից, քանի որ տասնամյակներով չեն վերանորոգվել խմելու ջրի խողովակաշարերը:

Բացի այս, կա ևս մեկ պատճառ. բնակլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ մոտակա բնական աղբյուրները ցամաքում են: