Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրվա առթիվ Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ապահովել արցախցիների վերադարձը հայրենիք։
«Նախ և առաջ մեզ համար ամենակարևորն այն է, որ այս հարցով զբաղվեն և գլխավոր դերակատար դառնան Հայաստանի իշխանությունները։ Այդպես է եղել և այդպես էլ պետք է լիներ։ Սակայն հաշվի առնելով, որ գործող իշխանությունները ակնհայտորեն սպասարկում են թշնամի պետության շահերը, հատկապես Արցախի մասով, շատ ավելի են դժվարանում խնդրի բարձրաձայնումը և լուծման ուղիների որոնումը։ Այս իշխանությունների օրոք բնական է, որ ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը ակտիվ դեր չեն խաղա հօգուտ Արցախի, որովհետև օրակարգ ձևավորողը միայն Հայաստանի իշխանություններն են։ Իսկ մենք տեսնում ենք, որ նրանք ջանք չեն խնայում, որպեսզի Արցախը ընդհանրապես դուրս գա օրակարգից»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով արցախցիների՝ հայրենիք վերադարձի հնարավորություններին և միջազգային դերակատարների միջնորդության սպասելիքներին։
Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում ողջ պատասխանատվությունը մնում է Հայաստանի առողջ հասարակության, քաղաքական ուժերի, ինչպես նաև Արցախի իշխանությունների վրա․ «Կարծում եմ՝ սխալ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը։ Չնայած այն արդյունավետ չէր գործում, այնուամենայնիվ, որոշակի հարթակ էր։ Ռուսաստանը բազմիցս խաթարել է այդ ձևաչափի աշխատանքը, զենք է վաճառել Ադրբեջանին, նպաստել պատերազմին, փոխանակ որպես միջնորդ կանխեր այն։ Այսինքն՝ կառույցի լիարժեք գործունեություն իրականում չի եղել»։
Նրա համոզմամբ՝ ապագայում Արցախի հարցը կարող է նորից վերադառնալ միջազգային օրակարգ, բայց այլ ձևաչափով․ «Հնարավոր է՝ հարցը բարձրացվի արդեն առանց Ռուսաստանի մասնակցության, արևմտյան երկրների կողմից։ Եթե այդ դեպքում գերակայի իրավունքի սկզբունքը, և Արևմուտքում լինի համերաշխություն, ապա հարցը կարող է նոր հարթակ գտնել։ Ժամանակը ցույց կտա՝ արդյոք արված քայլերը ճիշտ էին, թե ոչ, սակայն իմ կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը ճիշտ քայլ չէր»։
Մետաքսե Հակոբյանը համեմատություն արեց նաև Պաղեստինի հարցի հետ․ «Ֆրանսիան այսօր Սաուդյան Արաբիայի հետ փորձում է առաջ տանել Պաղեստինի անկախության ճանաչումը։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ առանց նախորդ ձևաչափերի հարցերը կարող են վերադառնալ օրակարգ։ Արցախի պարագայում ևս հնարավոր է նման զարգացում։ Կարևոր է նաև հարցը տանել միջազգային դատարաններ։ Եթե այդ գործընթացը սկսվի, վստահ եմ, որ կհաստատվի՝ Արցախում եղել են էթնիկ զտում և ցեղասպանություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ հայրենազրկում, զանգվածային բռնի տեղահանում և այլն»։