Արցախցիներն ու քաղաքական համայնքի բազմաթիվ միավորներ այսօր նշում են Արցախի անկախության օրը՝ Սեպտեմբերի 2-ը։ Անտարբեր չի մնացել նաև Նիկոլ Փաշինյանը։ «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը: Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»,- գրել է նա։
Ակնհայտ է, որ այս գրառումը վերաբերում է Արցախին, Արցախի ազատության պայքարի ջատագովներին։ Այսպիսով՝ Փաշինյանը ակնարկում է, թե այսօր լավ է, քան երբ Արցախն ազատ էր, Հայաստանի օրգանական մասն էր, հայկական կենսատարածք էր՝ այնտեղ ազատորեն ապրում ու արարում էին հայերը։
Փաշինյանի գրառումից պարզ չէ, թե նա ի՞նչ նկատի ունի, ասելով՝ «նախկինում»։ Տպավորություն է, թե նախկինների դեմ պայքարի ծիրում է։ Սակայն հաշվի առնելով, որ 2018-2022-ը նա, իր խոստովանությամբ, ֆորպոստի վարչապետ էր, իսկ 2020-ի նոյեմբերից հետո ամենաֆորպոստի վարչապետ, ապա ենթադրելի է, որ նախկինը 2018-2022-ն է։ Հիմք ընդունելով Փաշինյանի խոստովանությունը, այս շրջանը պայմանականորեն կորակենք փաշինյանական ֆորպոստ։
Այսու՝ փորձենք համեմատել այսօրվա Հայաստանի և փաշինյանական ֆորպոստի տարբերություններն ու նմանությունները։
Նախ՝ ինչո՞ւ էր 2018-ին ՀՀ-ն, ըստ Փաշինյանի խոստովանության՝ ֆորպոստ։ 2018-ի իշխանափոխությունը տեղի է ունեցել ռուսների միջամտությամբ։ Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է՝ Հայաստանը դարձնել ռուսական ֆորպոստ, ավելի եռանդուն սպասարկել ռուսական շահերը։ Եվ այդպես էլ արել է։ Վառ ռուսամետ քայլերի արդյունքում աշխարհում ձևավորվեց պատկերացում, որ ՀՀ-ում զուտ ռուսական իշխանություն է, ՀՀ-ն ռուսական ֆորպոստ է։ Դա շահարկեցին չբարեկամները և սանձազերծեցին Հայաստանի դեմ ագրեսիան, զավթեցին Արցախը։ 2020-ի պատերազմի ժամանակ, 2021-ին, 2022-ին ՀՀ-ի դեմ ագրեսիայի ժամանակ Փաշինյանը մերժեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի առաջարկները, նախապատվություն տվեց Մոսկվային, քանի որ ֆորպոստի վարչպապետ էր։ ՌԴ-ն էլ ՀՀ-ի հետ վարվեց, ինչպես թելադրեցին ռուսական ազգային շահերը։ Այսինքն՝ 2018-2022-ին Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի ապապետական կուրսի պատճառով գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։ Եվ Փաշինյանի ապապետական կուրսը հանգեցրեց պատերազմի, պարտության, Արցախի զավթմանը, ՀՀ-ից տարածքների զավթմանը և այլն։
Նա սխալ կուրս է վարել նաև Արցախի հարցում։ 2021-ին Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ Փաշինյանին իշխանությունը հանձնելուց առաջ նախապայմաններ են դրել նրա առաջ՝ անխախտ պահել հայ-ռուսական օրակարգը, չնահանջել Արցախի հարցից։ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ աշխատելու ժամանակ ոչ միայն չնահանջեց, այլև Ստեփանակերտում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Այս արտահայտությունը մատի փաթաթան դարձրեց թշնամին Արցախի դեմ 44-օրյա պատերազմից առաջ։
2008-ի վրաց ռուսական պատերազմից հետո կարծիք էր շրջանառվում, թե եթե ռուս-թուրք-ադրբեջանական ուժերը զավթեն Արցախը, ապա ՀՀ-ն կարող է պատժել ռուսներին դավաճանության համար, դուրս շպրտել Հայաստանից։ Սակայն այդպես չեղավ։ Թուրք-ռուս-ադրբեջանական չբարեկամները միասնաբար զավթեցին Արցախը, բռնի տեղահանեցին հայերին, սակայն ՀՀ իշխանությունը ռուսներին դուրս չշպրտեց Հայաստանից։ Այսինքն՝ անկախության առումով էլ առաջընթաց չկա, բան չի փոխվել։
Կարճ ասած՝ այսօրվա Հայաստանի և նախկին Հայաստանի տարբերությունն այն է, որ Փաշինյանի սխալների պատճառով՝ հայ ժողովուրդը տվել է հազարավոր զոհեր, կորուստներ, Արցախը զավթված է, Արցախում հայեր չեն ապրում, ՀՀ որոշ ինքնիշխան տարածքներ զավթված են ադրբեջանական զորքերի կողմից, Բաքվի բանտում են տասնյակ հայ գերիներ։ Սակայն նմանություններ ավելի շատ են, ինչը հիմք է տալիս ողջամիտ մտավախության, որ Փաշինյանը կրկնվելու է սխալներն, ու աղետներ են լինելու։
Թաթուլ Մկրտչյան