copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 21:30 01-09-2025

ԵԱՀԿ ՄԽ-ն փակվեց. Արցախի հարցի համար նոր ձևաչափ կձևավորվի

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է: Ի՞նչ կորցրեց Հայաստանը միջազգային այս կառույցի փակման արդյունքում։

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահող, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի համաժողովի կողմից դիտարկվող հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը դադարեցվում է սեպտեմբերի 1-ից»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերում, հանախագահների, համանախագհ երկրների համատեղ հայտարարություններում ընդգծվող սկզբունքներից մեկը վերաբերում էր ազգային ինքնորոշման իրավունքին։ Նախատեսվում էր, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է պլեբիսցիտով, հանրաքվեով։ Մշտապես ընդգծում էին, որ Արցախի հարցը չի կարող կարգավորվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ։ Այս մասին բազմաթիվ փաստաթղթեր կան։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի ու ամերիկացի համանախագաները հայտարարում էին, թե չեն ընդունում պատերազմով պարտադրված իրավիճակը, պահանջում էին հարգել Արցախի հայերի իրավունքները։ Այս հայտարարությունները հույս էին տալիս, որ չնայած՝ Արցախը զավթվել էր ռուս-թուրք-ադրբեջանական միացյալ ջանքերով, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը թույլ է տալիս միջամտել խնդրին ու պաշտպանել հայերի ինքնորոշման իրավունքը։

Հետագայում այս հայտարարությունների շեշտադրումները փոխվեցին։ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսույթը աստիճանաբար դուրս մղվեց։ Իսկ 2023-ի սեպտեմբերին, երբ հայերը բռնի տեղահանվեցին Արցախից, խոսվում էր միայն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի մասին։ Մասնավորապես ՝ 2024-ի օգոստոսի 5-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով խնդրին, ակնկալել էր, որ Բաքվի և արցախահայերի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Եվ այդ գործընթացն, ըստ դիվանագետի, կարող էր սկսվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այդ երկխոսությունը և հայերի անվտանգ արժանապատիվ վերադարձը տեսականորեն՝ կարող էր կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջն առաջ էր քաշում Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։ Չնայած՝ պայմանագիրը դեռ նախաստորագրված է, սակայն ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն լուծարվում է։ Այսպիսով՝ կատարվեց Բաքվի պահանջը։

Ի դեպ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ հավելել է, որ «ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման»։ Այսպիսով էլ ջնջում են Արցախի հարցի միջազգային կարգավորման պատմությունը։ Եվ տրամաբանորեն՝ դժվար կլինի հղում անել ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին, փաստաթղթերին ու հայտարարություններին։

Կարճ ասած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավմամբ խնդիրը կրկին բարձրացնելու հնարավորությունը փակվեց։ Սակայն սա չի նշանակում, որ Արցախի հարցը միջազգային մակարդակում առաջ մղելու դուռը փակ է։ Եթե վաղը ՀՀ-ում նոր իշխանությունը փորձի բարձրացնել հայերի Արցախ վերադարձի թեման, ապա այն առաջ մղելու համար նոր միջազգային ձևաչափ կձևավորվի, ինչը միայն ժամանակի հարց է։

Թաթուլ Մկրտչյան