copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 13:38 01-09-2025

Մարտահրավերներ կան, օգուտներ՝ ոչ․ Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը ռիսկային է

Օրերս Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դար-ը X-ում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում համաձայնության են եկել քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Այս հայտարարությունից 2 օր անց՝ օգոստոսի 31-ին, Արարատ Միրզոյանը հանդիպում ունեցավ վերջինիս հետ, որի ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման թեման հայ հասարակության շրջանում դժգոհություններ է առաջացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանն Արցախի հարցում մշտապես աջակցել է Ադրբեջանին, ավելին՝ այս երկիրն անգամ չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Հայաստանը 44-օրյա պատերազմի օրերին այդ թվում` Պակիստանին էր մեղադրում Ադրբեջանին աջակցելու համար, Նիկոլ Փաշինյանն անգամ ասել էր, որ ըստ որոշ տեղեկությունների` Պակիստանի բանակի հատուկ ջոկատայինները մարտի դաշտում են:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշեց, որ Պակիստանի դիրքորոշումն ի սկզբանե եղել է հստակ հակահայկական․


/Արա Պողոսյան, քաղաքագետ/

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման պահից սկսած՝ Պակիստանը Հայաստանի հետ հարաբերությունները մշտապես պայմանավորել է Ադրբեջանի հետ հարաբերություններով։ Արցախյան հարցում այն մշտապես հանդես է եկել Ադրբեջանի օգտին լուծման դիրքերից։ Սա նշանակում է, որ Պակիստանը Հայաստանի Հանրապետության համար եղել է թշնամական պետություն։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Պակիստանը Ադրբեջանի ամենախոշոր զենքի մատակարարումներից մեկն է։ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ բազմաթիվ տվյալներ կային պակիստանյան հատուկ նշանակության ուժերի մասնակցության մասին։ Այսինքն՝ մենք խոսում ենք շատ հստակ հակահայկական թշնամական պետության մասին»։

Քաղաքագետը ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների քայլերը դիվանագիտության ոլորտում հաշվետվողականությունից զուրկ են․

«Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին քաղաքականության մասով չունեն հաշվետվողականություն։ Հստակ չէ, թե ինչ հաշվարկներն են բերել այն համոզման, որ պետք է Պակիստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այդ հարաբերություններից Հայաստանը ի՞նչ շահ ունի։ Որպես պետություն, հայ ժողովուրդը ի՞նչ կարող է դրանից շահել և ինչպիսի ռիսկեր կան»։

Արա Պողոսյանի խոսքով՝ ևս մեկ կարևոր գործոն Հայաստանի համար Հնդկաստանի հետ հարաբերություններն են․

«Հիշեցնեմ, որ հատկապես 2020 թվականից հետո Հայաստանի համար զենքի մատակարարման հիմնական պետությունը Հնդկաստանն է։ Իսկ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը Ասիայում, թերևս, ամենախորքային և ամենաանզիջում հակամարտություններից մեկն է, որը պարբերաբար կարող է սառը փուլից անցնել տաք փուլի»։

Քաղաքագետը հարց բարձրացրեց նաև, թե արդյոք իշխանությունները քննարկել են բոլոր ռիսկերը և հետևանքները և արդյոք քննարկում ունեցել են Հնդկաստանի պաշտոնատար գործընկերների հետ։

«Չկա հանրային հաշվետվողականություն, թե արդյոք եղել են նման կոնսուլտացիաներ։ Պակիաստանի հետ հարաբերություններում, օրինակ, Հայաստանը ինչպիսի՞ գծեր է ունենալու, որոնք չեն փչացնի մեր կապերը։ Մենք չունենք որևէ պատկեր և տեղեկատվություն այս մասով։ Սա պարզապես Հայաստանի իշխանությունների որոշո՞ւմ է եղել ու վերջ, թե՞ իրականում համապատասխան աշխատանք է տարվել՝ հաշվի առնելով ռիսկերն ու հնարավորությունները։ Գաղտնիք չէ, որ Հնդկաստանի համար Պակիստանը թշնամական պետությունը և չափազանց կարևոր է, թե, օրինակ Պակիստանը ինչպիսի պահանջ կարող է դնել՝ օրինակ Քաշմիր և Ջամմու շրջանների հետ կապված և այլն։

Այսինքն՝ այս առումով մենք չունենք ընդհանրապես պատկերացում, թե Հայաստանի արտաքին դիվանագիտությունը ինչպիսի հաշվարկներ ունի, ինչպիսի գործընթացներ են նախորդել, որոնք հանգեցրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Ես տեսնում եմ բազմաթիվ մարտահրավերներ, բայց չեմ տեսնում որևէ օգուտ։ Իհարկե, տեսականորեն կարող են ասել, որ ևս 1 թշնամական պետությունն այլևս թշնամական չի, բայց հաշվի առնելով Պակիստանի էությունը, որը հստակ պանթյուրքիստական պետություն է, և Պակիստանի ժողովրդի ինքնությունը ձևավորվել է հենց իսլամական ֆենոմենի վրա»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան