Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 09:21 29-08-2025

Փաշինյանը պետք է հասկանա, որ Ցեղասպանության ճանաչումը միջազգային հարց է

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ՝ մարտի 11-ին, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում: Չնայած այս տողը ռազմավարական նշանակություն ունեցող որևէ փաստաթղթում ամրագրված չէ, սակայն Փաշինյանը, ՔՊ-ական պաշտոնյաները պարբերաբար անդրադառնում են խնդրին, պարզ ասում կամ ակնարկնում են, որ այդպես է։

Օրեր առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Վարչապետ Փաշինյանն ի պատասխան՝ հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունն ակնհայտ է, որ կապ չունի ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ:

«Սա այն իրավիճակն է, երբ մենք այդ թեմայի հետ պետք է առերեսվենք, պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի և մեր ժողովրդի շահերի հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Մենք ուզում ենք, որ հայոց ցեղասպանությունը լինի ուղղակի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ-որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք և մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա»,- ասել է Փաշինյանը։

Իսկ ո՞վ է որոշում՝ Ցեղապանության միջազգային ճանաչումը մեր պետության ու ժողովրդի շահերի հետ կապ ունի՞, թե՞ ոչ։

Այս հարցի պատասխանը պարզ է և միանշանակ։ Այդ որոշումն ընդունել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքականությունը որոշողի իրավունքով։ Այլ հարց է, թե ինչո՞ւ այդ որոշումը որևէ հրապարակված փաստաթղթում չկա։

Ցեղասպանության ճանաչումը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին եղել է արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Նիկոլ Փաշինյանի օրոք այս իներցիան շարունակվել է։ 2018-2022-ին, երբ Փաշինյան, իր խոստովանմամբ՝ ֆորպոստի վարչապետ էր, Ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական առաջնահերթություն էր։ Այս տարիներին Ցեղասպանության միջազգային ճանաչումը նույն բարձրության ու կարևորության վրա էր, ինչ Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին։

Ներկայումս ՀՀ այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն իներցիայով այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եթե Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ ազգային շահերի հետ կապ չունի, ապա օտարերկրյա բարձրաստիճան հյուրերն ինչո՞ւ են այցելում ու հարգանքի տուրք մատուցում։ Նրանց չեն ասո՞ւմ, որ դա ՀՀ ազգային շահերի հետ կապ չունի։

Ենթադրելի է, որ ՀՀ պաշտոնյաներն, արարողակարգի պատասխանատուները օտարերկրյա պաշտոնյաներին չեն ասում, որ Փաշինյանի կարծիքով՝ իրենց արածը ՀՀ ազգայինշահերի հետ կապ չունի։ Նրանք էլ ինեցիայով, գլուխները կախ այցելում են, կարծելով, թե բան չի փոխվել։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրելի է, որ արարողակարգի աշխատողները բանավոր զգուշացնում են օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին, որ Ծիծեռնակաբերդ այցելելը պարտադիր չէ, սակայն հյուրերը այդ զգուշացումը հաշվի չեն առնում։ Այդպիսով ակնակում են, որ թեկուզ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, ՀՀ ազգային շահերից չի բխում, սակայն այն միջազգային օրակարգի հարց է։ Այսինքն՝ աշխարհում խաղաղության, միջազգային անվտանգության համար այսօր կարևոր է Հայոց ցեղսպանության ճանաչումը։ Այն կարևոր է նաև արժեբանական մի շարք սկզբունքների առումով, որոնցով առաջնորդվում են այդ երկրները։

Կարճ ասած՝ Փաշինյանը ծանր իրավիճակում է և պետք է հասկանա՝ շարունակե՞լ սպասարկել ռուս-թուրքական շահերը, կաշկանդված 1921-ի Մոսկվայի մարտի 16-ի պայմանագրով, թե՞ արտաքին քաղաքականությունը դարձնել միջազգային գործընթացներին համահունչ, ազգային շահերը դարձել միջազգային օրակարգին համահունչ և ըմբռնումով վերաբերվել, երբ ժողովրդավարական արժեքներով, մարդասիրությամբ, միջազգային օրակարգով առաջնորդվողները ճանաչում են Հայոց ցեղասպանությունն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը։

Թաթուլ Մկրտչյան