Նիկոլ Փաշինյանի սիմուլյացիան երբեմն անցնում է սահմանը։ Նա օգոստոսի 25-ին կարճ տեսանյութ է հրապարակել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի ժամանակ իր ելույթից ու գրել՝ «Մեր օրերում տեսությունները չեն պարտադրվում էլիտաների կողմից, այլ ծնվում են ժողովրդի գիտակցության խորքից»:
Խիստ գնահատողները կարող են ասել, թե Փաշինյանը սուտ է խոսում կամ տգետ է։ Փիլիսոփայական դիտարկմամբ՝ նա սիմուլյացիա է անում, նրա այս խոսքում նկարագրված պատկերը սիմուլյակր է, որն իրականում գոյություն չունի։
Ինչպե՞ս են ստեղծվում տեսություններն ու տարածվում, և ի՞նչ դեր ունի ժողովուրդը։
Տեսությունները կազմողները ոչ միշտ են քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եղել։ Էլիտան նպաստել է տեսության հանրայնացմանը կամ արհամարհել։ Տեսություններն ունեն նաև գլոբալ թիրախ։ Օրինակ՝ ժողովրդավարական արժեքները տարածվել են աշխարհում, ապահովելով Արևմուտքի գերիշխանությունը։
Ըստ Հաղորդակցության (կոմունիկացիայի) տեսության՝ մարդկանց միավորում են ոչ թե վեհ գաղափարներն, այլ ընդհանուր վախերը, ցանկությունները։ Մարդիկ ոչ թե գաղափարների կարիք ունեն, այլ հաղորդակցման։ Այս տեսությունը Սառը պատերազմում Արևմուտքի գաղափարական զենքն էր, նպաստել է Չարիքի կայսրության կործանմանը։ Այս տեսության հիմնադիրներն են Կարլ Յասպերսն ու Մարտին Հայդեգերը, որոնք 20-րդ դարի մեծագույն փիլիսոփաներն են համարվում։ Հաղորդակցման տեսությունն է խթանել նաև սոցցանցերի ստեղծումը, որոնք մարդու ինքնադրսևորման լանդշաֆտն են դարձել։ Ժողովուրդը այս տեսության օբյեկտն է և քաղում է դրա պտուղները, բայց հեղինակները կոնկրետ մարդիկ են։
Կարող է թվալ, թե անարխիզմի տեսությունն է ժողովրդի գիտակցության խորքից ծագել, քանի որ ապապետական է։ Սակայն այս տեսությունն էլ հիմնադիր ունի՝ Մաքս Շտիրնեռն է «Իմ գործը» առանցքային աշխատությամբ։ Կյանքի կոչողն էլ Նեստոր Մախնոն է։ Նրա Հուլյայպոլեի անարխիստական հանրապետությունը, սակայն, կարճ կյանք է ունեցել։
Ի սեր ճշմարտության՝ հարկ է նկատել, որ քաղաքական տեսություններում ժողովրդի կարիքները, ցանկությունները, հետաքրքրությունները, ներուժը հաշվի են առնում։ Երբեմն հավակնոտ, հեղափոխական տեսություններն իրականացնելու համար զոհեր են պահանջվում։ Սակայն աշխարհում չկա տեսություն, որը ծնվել է ժողովրդի գիտակցության խորքից, որովհետև ժողովուդը գիտակցություն չունի։ Պետությունն ունի գիտակցություն (ֆրանսերեն՝ Raison d'État), ժողովուրդը՝ չունի։
Հետևապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի սիմուլյացիա անում։
Հաշվի առնելով, որ խոսքը հնչել է դեսպանահավաքի ժամանակ, ենթադրելի է, որ այս սիմուլյացիայով Փաշինյանը փորձել է հիմնավորել, թե ինչո՞ւ են շարունակում սպասարկել ռուսական շահեր։ Հավանաբար՝ դեսպանները տրտնջացել են, թե օտարներն ծիծաղում են, երբ լսում են, թե ՀՀ-ն բալանսավորող է։ Հաճախ հնչող հարցն էլ այն է, թե բալանսավորման տեսությունը Մոսկվա՞ն է պարտադրել։
Փաշինյանն էլ, հավանաբար, ասել է, որ եթե այդպիսի ծանր հարց տան, ապա մի ընկճվեք, ասեք, որ ոչ ոք մեզ ռուսամետություն չի պարտադրում, բալանսավորման տեսությունը Մոսկվան չի պարտադրել, այլ ժողովրդի գիտակցության խորքից է ծնվել։ Այս ապաքաղաքական, ապագաղափարական, հակահայկական տեսությունը խմորվել է ժողովրդի գիտակցության մեջ, ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվել է և իրացվում է դեսպանների միջոցով: Այսպիսով՝ Փաշինյանն իր սխալների պատասխանատվությունը փորձում է կիսել ժողովրդի հետ։
Կարճ ասած՝ լավ կլինի, որ Փաշինյանն իր աղետալի որոշումների, այդ թվում՝ արտաքին քաղաքական սխալների պատասխանատվությունը չգցի ժողովրդի վրա, մարդասիրական խիզախություն դրսևորի ու ստանձնի իր սխալների ամբողջ պատասխանատվությունը, առանց ժողովրդի հետ կիսելու։ Այսպիսի նախադեպեր աշխարհում շատ են եղել, երբ քաղաքական առաջնորդը պատասխանատվությունը գցել է ժողովրդի վրա։ Բոլոր դեպքերում ժողովուրդը մեծապես տուժել է, երբեմն՝ ցեղասպանության ենթարկվել, բռնի տեղահանվել, զրկվել պետությունից։
Թաթուլ Մկրտչյան