Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 09:15 22-08-2025

Բագրատ Սրբազանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին

Անտրամաբանական բաներ են տեղի ունենում։ Վաշինգտոնում ստորագրված փաաստաթղթերն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փոխել են Հայաստանն ու տարածաշրջանը։ Եթե իսկապես պետությունը լուրջ փոխվել է, ապա այդ փոփոխությունն առաջին հերթին պետք է արտացոլվի ԱԺ-ում։ Այսինքն՝ տրամաբանական կլինի, որ ԱԺ արտարհերթ ընտրություններ կազմակերպվեն և կուսակցություններին հնարավորություն տրվի նոր, փոփոխված Հայաստանում փոփոխությանը համարժեք նոր ծրագրերով հանդես գալու և նոր իրականությանը համարժեք ԱԺ ձևավորելու համար։ Պարզվում է, որ ՔՊ-ում այդպես չեն մտածում, ՔՊ-ն փոփոխությանը համարժեք խոսք չունի՞։

«Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետեւաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա»,– այս մասին ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ակնկալվում էր, որ Վաշինգտոնի ստորոգրումից հետո ազատ կարձակվեին քաղբանտարկյալներն, առաջին հերթին 18 արդարների գործով կալանավորվածները։ Դատարանը օգոստոսի 21-ին որոշեց Բագրատ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարացնել 3 ամիս ժամկետով, նշելով, որ խափանման միջոց կալանքի հիմքերը և պայմանները չեն նվազել, չեն փոխվել։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ չէր պատրաստվում որևէ ձևով առարկել, ուղղակի ցավում է, որ այսքան ժամանակ են վատնում ավելորդ լսելու համար. «Փառք Աստծո, որ ինձ հնարավորություն է տրվել իմ հայրենիքի, իմ պետության համար պայքարի մեջ եմ եղել իմ կամքով, և մարդկային որևէ տեսակ, պաշտոն, փող չի կարող էդ պայքարից ինձ հետ պահել, մանավանդ՝ վախեցնել կալանքով»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ մեղադրանքն իր համար հասկանալի չէ։

Բագրատ Սրբազանն այսպիսով դրսևորում է քաղաքական հասուն, բարոյական, սկզբունքային գործչի վարք։ Տարածված կարծիք կա, թե նա 2026-ին կարող է մասնակցել ԱԺ ընտրություններին, ստանալով ընդդիմադիր ընտրազանգվածի մեծ մասի ձայները։ Նրա վարկանիշն էապես բարձրացել է դատավարության առաջին օրերին։ 3 ամսից Բագրատ Սրբազանի վարկանիշը ավելի կբարձրանա, և 2026-ի ընտրություններում նրա հաղթելու հավանականությունը կմեծանա։

Այս առումով ևս տրամաբանական կլիներ, որ ՔՊ-ն արտահերթ ընտրություններ կազմակերպեր, քանի դեռ Բագրատ Սրբազանը բանտում է ու նրա վարկանիշն այդքան բարձր չէ։ Սակայն այդպես չեն անում։ Ակամա տպավորություն է, թե ՔՊ-ի համար ցանկալի մրցակիցը Բագրատ Սրբազանն է։ Այդ է պատճառը, որ շարունակում են դատական ֆարսը, նպաստում նրա վարկանիշի աճին։ ՔՊ-ում հավանաբար կարծում են, թե Բագրատ Սրբազանը ևս նոր ասելիք չունի, նոր իրականությանը համարժեք ծրագրեր ու գաղափարներ չունի, իրենց նման է։

Բագրատ Սրբազանը կարո՞ղ է հաղթել Նիկոլ Փաշինյանին։

Տեսականորեն չի բացառվում, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած ուժը կամ ուժերը հաղթեն 2026-ի ԱԺ ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում մարդիկ քծնում են, կեղծում, ստում, երբեմն՝ ակամա։ Փաշինյանը ժողովրդի խնդիրներին անհաղորդ է։ Բագրատ Սրբազանը համեմատաբար՝ ավելի լավ է ճանաչում ժողովրդին, մարդիկ նրա հետ շփումներում անկեղծ են, չեն քծնում ու ստում։ Ու նա կարող է իր գաղափարներում ու ծրագրերում արտացոլել ժողովրդին հուզող թեմաներն ու ստանալ մեծ թվով քվեներ։ Հաղթանակն ապահովելու համար կպահանջվի նաև, որ Բագրատ Սրբազանը հանդես գա փոփոխված իրականությանը համարժեք նոր ծրագրով։ ՔՊ-ն նոր ասելիք չունի։ Այդ մասին է ակնարկել Գևորգ Պապոյանը։ Եթե Բագրատ Սրբազանը նոր իրականությանը համարժեք ծրագրերով ու գաղափարներով հանդես գա, ապա նրա հաղթելու շանսերը կբազմապատկվեն։

Կարճ ասած՝ Բագրատ Սրբազանը կարող է հաղթել։ Հաշվի առնելով նրա պայքարելու վճռականությունն ու սկզբունքայնությունը, կարելի է ասել, որ նրա հաղթանակը ժամանակի հարց է։

Թաթուլ Մկրտչյան

Ձեզ գուցե հետաքրքրի