Մի քանի արևմտամետ ուժեր օգոստոսի 23-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտ ակցիա են իրականացնելու։ Այս ուժերը պահանջում են անհապաղ Հայաստանից դուրս բերել ռազմաբազան։Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։
«Ես օգոստոսի 23-ին կայանալիք հանրահավաքը գնահատում եմ ոչ միայն որպես սադրիչ և անպատասխանատու ակցիա, այլև՝ հակապետական գործողություն, որը միտված է խարխլելու Հայաստանի անվտանգության համակարգը»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։
Պատգամավորի խոսքով` այն ուժերը, որոնք կանգնած են այս ամենի ետևում՝ բացահայտ կամ քողարկված, այսօր վտանգում են Հայաստանի ապագան։
«Նրանք փաստացի գործում են ոչ թե հանուն Հայաստանի, այլ՝ օտար շահերի սպասարկմամբ, որոնցից ամենաակնհայտը՝ թուրքականն է։ Այո՛, հենց արևմտյան կենտրոններից ղեկավարվող այս խմբերն են, որ այսպիսի հակազգային քայլերով նպատակ ունեն խարխլելու Հայաստանի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսպես կոչված «արևմտամետ» խմբերը, փորձում են արմատախիլ անել մեր պատմական դաշնակցային հարաբերությունները՝ փոխարենը ներմուծելով մի օրակարգ, որի միակ նպատակը մեր պետության լիակատար կազմաքանդումն է»,-շարունակեց Մհեր Մելքոնյանը։
Հարցադրմանը, թե արդյոք ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերումը ադրբեջանական կողմի պահանջո՞վ է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այո՛, և դա այլևս ենթադրություն չէ, այլ՝ իրականություն։ Երբ օտար ֆոնդերից ֆինանսավորվող մի խումբ, այսպես կոչված, «արևմտամետ» ուժեր, իրենց գործողություններով թիրախավորում են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, որը, անկախ քաղաքական իրավիճակից, հիմնաքարային գործոն է Հայաստանի ռազմավարական պաշտպանունակության հարցում, այդ ուժերը՝ կամա թե ակամա, սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Որովհետև նրանք տարիներ շարունակ ձգտել են Հայաստանին զրկել պաշտպանական հենակետերից, ճնշել նրա սուվերենությունը և ստանալ լիակատար վերահսկողություն Հարավային Կովկասի վրա։ Եվ այժմ, երբ ներքին որոշ շրջանակներ սկսում են դավադրաբար քանդել այդ համակարգը՝ դա բացահայտ թուրքական շահի սպասարկում է։ Պետք է հստակ արձանագրել՝ ռազմաբազայի դուրսբերման հարցը թուրք֊ադրբեջանական տանդեմի համատեղ, կոորդինացված և նպատակաուղղված պահանջ է, որի ռազմավարական նպատակն է՝ վերացնել Հայաստանի անվտանգության վերջին արտաքին շղթան, կազմաքանդել մեր պաշտպանական համակարգի մեխանիզմները և բացել դռները նոր ագրեսիայի համար»։
Մելքոնյանի խոսքով` Բաքուն և Անկարան շատ լավ հասկանում են՝ առանց Հայաստանի անվտանգային գործընկերության թուլացման, առանց մեր պաշտպանական ներուժի ապամոնտաժման, իրենք չեն կարող հասնել իրենց առավելագույն ռազմաքաղաքական նպատակին՝ Հայաստանի անկախության չեզոքացմանը։
«Այս պահանջը միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտից չէ։ Այն խորը քաղաքական ենթատեքստ ունի։ Այն միտված է Հայաստանը դուրս մղել տարածաշրջանային ուժային հավասարակշռությունից՝ զրկելով վերջին պաշտպանական հենասյունից։ Եթե այս պահանջը կյանքի կոչվի՝ վաղն այդ նույն տանդեմը պահանջելու է արդեն Սյունիքը, Տավուշը կամ Երևանը։ Ուստի, որքան էլ որոշ շրջանակներ փորձեն այս օրակարգը քողարկել «խաղաղության», «բալանսի» կամ «անվտանգության նոր համակարգի» անվան տակ՝ դրա իրական նպատակը և հեղինակը բոլորիս համար պետք է հստակ լինի։ Հայաստանը երբեք չպետք է ընդունի այն տրամաբանությունը, որ իր տարածքում կարող է երրորդ պետությունը՝ լինի դա Ադրբեջան, Թուրքիա կամ այլ ուժ, որոշել՝ ով կարող է լինել մեր անվտանգության գործընկերը, և ով՝ ոչ։ Եվ ուզում եմ հստակ ասել՝ որքան էլ այսպես կոչված՝ «արևմտամետ» ուժերը փորձեն խարխլել մեր պետության հիմքերը, թունավորել հասարակական կարծիքը և երկիրը դուրս բերել իր ռազմավարական ուղուց՝ նրանք ոչ մի արդյունքի չեն հասնելու։ Հայաստանը չի դառնալու թշնամու շահերի սպասարկման տարածք։ Թույլ չենք տալու, որ թուրքական օրակարգը՝ ինչ ձևով էլ ներմուծվի՝ «խաղաղություն», «ճանապարհների ապաշրջափակում» կամ այլ կեղծ օրակարգերի անվան տակ, արմատավորվի մեր հայրենի հողի վրա»,-ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։