copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:03 15-08-2025

Պռոշյանում «Չաղ Ռուստամի» տան դիմաց զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեկ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:

Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չի եղել, նա հարգանք է վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում ու շատերի համար զարմանք ու զայրույթ է եղել, թե ով է կրակոց արձակել իր ընտնաիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող Մամիկոն Դ.-ի վրա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց էին մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրից՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Չաղ Ռուստամ» մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի տան դիմաց գտնվող կամրջի մոտից, որտեղ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ․-ն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել, գյուղում համարվում է համեստ և առաքինի բնակիչ և շատերը զարմանում են, թե ում ձեռքն է գնացել, որ կրակոցներ արձակի նրա վրա։ Թե՛ նա, թե՛ իր ընտանիքը արդար քրտինքով հաց են վաստակել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում