Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումից հետո ստորագրված հռչակագրի կետերը լուրջ մտահոգություն են առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Իրանում, որի իշխանությունները վերջին տարիներին պարբերաբար վստահեցնում էին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը չի բացվելու։ Այժմ Իրանի որոշ պաշտոնյաներ վերահաստատում են այս դիրքորոշումը, որոշներն էլ, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ընդգծում, որ ընդունված փաստաթղթում հաշվի են առնվել նաև Թեհրանի պահանջները։
Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ պաշտոնական Թեհրանի արձագանքները հիմնված են երկու հիմնական մտահոգության վրա․ «Եթե մենք դիտարկենք իրանական կողմի արձագանքները, ապա Իրանի արտգործնախարարությունը, նախագահը, ԱԳՆ խոսնակը հայտարարել են, որ իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը տարածքային ամբողջականության հարգումն է և ինքնիշխանության պահպանումը։ Մյուս հիմնական մտահոգությունը ամերիկյան ներգրավվածությանն է վերաբերում, և այդ մասով էլ Իրանը շարունակում է արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա»։
Իրանագետի խոսքով՝ գործնական մակարդակում Իրանն, ամենայն հավանականությամբ, կշարունակի խորհրդակցությունները Հայաստանի հետ՝ փորձելով հետ պահել ամերիկյան ներգրավվածությունից։ «Իրենց հիմնական մտահոգությունը այն է, որ կարող է հայրենական սահմանին վնաս հասցվել, այդ սահմանը կարող է կտրվել, փակվել կամ Իրանի հասանելիությունը դեպի Եվրոպա կարող է խոչընդոտվել։ Այդ նկատառումները պահպանվել են և հաշվի են առնվել, սակայն այլ գործնական քայլեր այս ուղղությամբ առայժմ տեսանելի չեն»,- ասաց նա։
Ժաննա Վարդանյանը հիշեցրեց՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» առաջին հերթին ուղղված է հենց Իրանի դեմ։ Նրա խոսքով՝ դրա իրականացման փոխարեն Թեհրանն առաջարկում է այլընտրանքային երթուղի՝ իր տարածքով․ «Իրանն այդ միջանցքի իրագործումը չեզոքացնելու նպատակով առաջարկել էր Արաքսի միջանցքի ծրագիրը։ Մինչև հիմա Իրանը շարունակում է առաջ մղել այդ նախագիծը, այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Վերջերս՝ հենց վաշինգտոնյան հանդիպումների ֆոնին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը այցելել է այդ ճանապարհահատվածը, ծանոթացել շինարարությանը»։
Ժաննա Վարդանյանը հավելեց, որ Իրանը փորձագետների և պաշտոնյաների մակարդակով շեշտում է, որ պետք է խթանել այս երթուղին, որպեսզի այն դառնա իրական այլընտրանք Ադրբեջան-Թուրքիա կապի համար։ «Նրանք փորձում են ցույց տալ, որ Ադրբեջանը նոր ճանապարհի կարիք չունի և կարող է հանգիստ օգտագործել իրանական կողմի առաջարկած երթուղին, ինչպես դա եղել է վերջին տասնամյակների ընթացքում»,- եզրափակեց նա։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան