Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահերն ու Խաղաղության համաձայնագրի հարցում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ակնհայտ են դարձնում, որ ձեռք է բերվել շրջադարձային նշանակությամբ պայմանավորվածություն, որից հրաժարումը օգտավետ չի կարող լինել կողմերից որևէ մեկին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Վաշինգտոնից ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ Խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է խախտվել։ Համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով։
«Այդ հարցը կարելի է տալ ցանկացած պայմանավորվածության և ցանկացած պայմանագրի նկատմամբ, բայց այսօրվա հռչակագրի ստորագրման տրամադրությունը, իմ հայտարարությունները, նախագահ Թրամփի հայտարարությունները, Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, կարծում եմ՝ խոսում են մթնոլորտի որոշակի փոփոխության մասին։ Ստացվեց այնպես, որ հայաստանցի լրագրողի նմանատիպ հարցին նախագահ Ալիևը պատասխանեց, ու ես իսկապես ոչինչ չունեի ավելացնելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նկատեց՝ համաձայնությունը ձեռք է բերվել տևական բանակցությունների արդյունքում, և կողմերը համաձայնեցրել են այն տեքստը, որը համապատասխանում է իրենց ղեկավարած երկրների շահերին։ Փաշինյանն ընդգծեց՝ խաղաղության այս համաձայնագիրը հաջողություն է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ տարածաշրջանի համար։
«Եթե մի բան համարում ենք հաջողություն, ինչի՞ հրաժարվել դրանից, ի՞նչ նպատակի համար։ Եթե պիտի հրաժարվեինք, ինչո՞ւ էինք հասնում այս փուլին։ Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ՀՀ-ն հնարավորություն է ունենում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով Սյունիքի մարզի հետ երկաթուղային կապ ունենալ։ ՀՀ-ն ստանում է հասանելիություն միջազգային երկաթուղային ցնցին՝ դեպի ՌԴ, Իրան, կենտրոնական Ասիա, Չինաստան․․․ Իհարկե, կարող է հարց հնչել, որ այսօր էլ Ադրբեջանն ունի երկաթուղային կապ, բայց այս նախագծով ահռելի տարանցիկ բեռներ են անցնելու, և դա ահռելի եկամուտներ է բերելու թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։ Ես կարծում եմ՝ պետք է այս հենքի վրա ամենօրյա աշխատանք իրականացնենք, որպեսզի այս իրադարձությունն իսկապես դառնա պատմական։ Դժվար եմ պատկերացնում հետդարձի շահագրգռվածությունը․ հանուն ինչի՞»,- նկատեց ՀՀ վարչապետն ու շեշտեց՝ երկու կողմերը հիմա շատ ոգևորված պետք է զբաղվեն պայմանավորվածությունների իրագործմամբ և նախագծերի իրականացմամբ։