Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:39 29-07-2025

Հրեշտակներն իրեն են նման. ինչպես լռակյաց Գոհարը խոսեցրեց կավը

Մերի Հակոբյան

Լրագրող

Շիրակի մարզի Հացիկ գյուղում բնակվող նկարչուհի-կերամիստ Գոհար Պետրոսյանը շատերի սրտերն է գրավում իր տաղանդով։ Գոհարի մասնակցությամբ ցուցահանդես-վաճառքներն ու փառատոնները նրան և նրա արձանիկները ճանաչելի են դարձրել ոչ միայն ծննդավայրում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

Oragir.News-ը այցելել է Հացիկ՝ հանդիպելու Գոհարի և նրա ընտանիքի հետ։ Գոհարի քույրը՝ Հասմիկը, պատմեց, որ քրոջ տաղանդը նկատել են դեռ 2 տարեկանում, և ծնողները որոշել են նրան ուղղորդել դեպի նկարչություն։

2006 թ. հոր՝ Լյովա Պետրոսյանի նախաձեռնությամբ ընտանիքը Գյումրիից տեղափոխվում է Հացիկ գյուղ՝ Գոհարին արվեստանոցով ապահովելու նպատակով։

Հասմիկի խոսքով՝ դժվար էր պատկերացնել, որ օրերից մի օր հենց Գոհարի շնորհիվ է Հացիկը ճանաչելի դառնալու. «Քանի որ Գոհարը լսողության խնդիր ուներ, մենք հասկացանք, որ իր նկարը պետք է դառնա նրա խոսքը, հաղորդակցությունը աշխարհի հետ։ Շատ փոքր տարիքից սկսեցինք զբաղվել իրենով։ Նա հաճախում էր նկարչության պարապմունքների, ավարտեց համապատասխան դպրոցներ, այնուհետև գերազանցությամբ՝ Արվեստի ակադեմիան։ 10 տարի առաջ հիմնեց իր սիրելի գործը՝ հայրիկիս օգնությամբ։ Եթե այդ ժամանակ ինձ ասեին, որ Հացիկը հայտնի է դառնալու հենց Գոհարի շնորհիվ, չէի հավատա, բայց հիմա դա արդեն իրականություն է»։

Հասմիկը նշում է՝ Գոհարը ամբողջ հոգով նվիրվում է իր յուրաքանչյուր ստեղծագործությանը․ «Նրա ստեղծած հրեշտակների արձանիկները շատերը նմանեցնում են հենց իրեն։ Գոհարը շատ է սիրում հրեշտակներ, և իր գործերում նրանք առանձնահատուկ տեղ ունեն։ Ի տարբերություն տարածված կարծիքի՝ Գոհարի հրեշտակները դեմք ունեն։ Ընկերներն ու գնորդները հաճախ նշում են, որ դրանք նրան են նման։ Առաջին անգամ դրանք արվել են պատահաբար՝ զանգակների նման։ Հետո սկսեց նաև փոքր հրեշտակներ պատրաստել՝ մարդկանց հարմարության համար։ Այժմ արդեն տարբեր տեսակի հրեշտակներ կան։ Իսկ տարազները հենց սկզբում եղել են հիմնական միտքը. Գոհարը ցանկացել է աշխարհին ներկայացնել հայկական տարազը»։

Հասմիկը հավելեց, որ իրենց ընտանիքում Գոհարը միակն է, ով զբաղվում է արվեստով, չնայած ընտանիքի մյուս անդամները երբեք կապ չեն ունեցել նկարչության կամ խեցեգործության հետ։ Գոհարի բազմաթիվ աշխատանքներ մնացել են Շուշիում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն նա չի կոտրվել՝ որոշելով վերստեղծել իր գործերը. «Նրա մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ ջրաներկով արված նկարներ, մնացել են Շուշիի թանգարանում։ Նրանցից մեկը նույնիսկ թանգարանին էր նվիրաբերվել։ Հորս հորդորով որոշվեց, որ նույն էսքիզները պիտի խեցիների վրա վերստեղծվեն։ Այն, ինչ հիմա տեսնում եք, արվել է պատերազմի ավարտից հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից։ Դա ցավալի պատմություն է, բայց նաև մի նոր գաղափարի սկիզբ։ Այժմ, երբ այդ մասին ենք խոսում, փշաքաղվում ենք։ Այս գործերն ինքնին հնարավորություն են՝ կրկին անդրադառնալու այդ ցավին»։

Բացի ստեղծագործական աշխատանքից՝ Գոհարը սաներ ունի, որոնք տարբեր բնակավայրերից են այցելում նրա արվեստանոց։ Իսկ հատուկ խնամք պահանջող երեխաներին նա ուսուցանում է անվճար։

Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա