Ներքին 11 ամիս առաջ - 09:00 27-07-2025

Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը` Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային` ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը։

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
14:33 95 հազար դոլարանոց վերարկու, 46 հազար դոլարանոց պիջակ. Արզաքանցյանը ցույց է տվել իր շքեղ գնումները
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
17:08 Նա լուսավորում է իմ ամբողջ աշխարհը. Արսեն Սաֆարյանի դուստրը Եգիպտոսից լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ