Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:30 22-07-2025

Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, եկեղեցունը՝ աճում, Գասպարյանի շուրջ օղակը սեղմվում է. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 22-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել։ Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ կառավարության ղեկավարի վարկանիշն այս պահին 13 տոկոսը, որը նախորդ սեպտեմբերին նույն ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության համեմատ նվազել է 3 տոկոսով։ 2025-ի հունիսին իրականացված հարցման համաձայն՝ քաղաքական գործիչների շարքում Նիկոլ Փաշինյանին հաջորդում է Արարատ Միրզոյանը՝ 5 տոկոսով, երրորդ տեղում էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նրա վարկանիշը հունիս ամսվա տվյալներով 4 տոկոս էր՝ նախորդ տարվա սեպտեմբերին արձանագրված երկու տոկոսի համեմատ։ Հետազոտության համաձայն՝ նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։ Չորս տոկոսով երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է, հարցվածների ևս երկու տոկոսը որևէ քաղաքական ուժ հիշատակելու փոխարեն նշել է հենց 2-րդ նախագահի անունը։ Ուշագրավ է, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 61%-ը քաղաքական որևէ գործչի կամ կուսակցության հանդեպ վստահություն չի տածում։

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ամոթալի արշավի ֆոնին մեր հասարակության շրջանում աճել է եկեղեցու հանդեպ վստահությունը։ Գործող ինստիտուտներից հասարակության շրջանում ամենամեծ վստահությունը վայելում են եկեղեցին ու բանակը։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։ Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է 18-ից 35 տարեկան հայաստանցիների շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։ Հատկանշական է, որ Փաշինյանի աշխատակազմին լիովին կամ մասամբ վստահում է բնակչության 38, դատարաններին 31, իսկ Ազգային ժողովին ընդամենը 24 տոկոսը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվերով անցկացված հարցման հեղինակները նաև փորձել են պարզել, թե որոնք էին, ըստ Հայաստանի քաղաքացիների, կառավարության գլխավոր ձեռքբերումները վերջին վեց ամիսների ընթացքում։ Հարցվածների 11 տոկոսը նշել է ճանապարհաշինությունը, 9 տոկոսը՝ խաղաղության պահպանումը, 7 տոկոսը՝ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգումը։ Հարցվածների ամենամեծ խումբը՝ 42 տոկոսը, սակայն, համոզված է՝ վերջին վեց ամիսներին Փաշինյանի կառավարությունը որևէ ձեռքբերում չի ունեցել։

Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը` Ռուզաննա Ասատրյանին, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուրներին։ Լրատվամիջոցն ավելի վաղ գրել էր, որ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: «Նախկին համայնքապետի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հատկանիշներով»,– գրում է լրատվամիջոցը։ Oragir.News-ը Հակակոռուպցիոն կոմիտեից փորձեց ճշտել տեղեկությունը, որտեղից մեզ փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն։ 37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, մայիսի 15-ին որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին: Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմ է հարցվածների 47, դեմ՝ 40 տոկոսը։ Խաղաղության համաձայնագրի հանդեպ ամենահոռետեսորենը տրամադրված են 18-ից 35 տարիքային խմբում։ Այստեղ խաղաղության պայմանագրի կնքմանը դեմ է հարցվածների 48, կողմ 38 տոկոսը։ Փոխարենը, տարեցների շրջանում խաղաղության պայմանագրի կնքմանը կողմ է հարցման մասնակիցների 58 տոկոսը։ Հետազոտության հեղինակները անդրադարձել են նաև Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին՝ ցանկանալով պարզել՝ եթե այդ հարցով հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպես կքվեարկեին շարքային քաղաքացիները։ Հարցման համաձայն՝ ԵՄ անդամակցությանը կողմ կքվեարկեր հայաստանցիների 49, դեմ 15 տոկոսը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։ Ուշագրավ է, ի դեպ, որ անցած տարվա սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ ութ տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից