Ներքին 1 տարի առաջ - 16:33 12-07-2025

ՆԱՏՕ-ին անդամակցելը Հայաստանի համար առայժմ իրատեսական չէ. Լեոնիդ Ներսիսյան

Հուլիսի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդիի հետ։ Այս հանդիպման ֆոնին Oragir.News-ը փորձեց պարզել, թե ի՞նչ մակարդակի վրա է ներկայում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը, և արդյո՞ք Հայաստանը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու անվտանգային հեռանկարը։

Թեմայի շուրջ Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշեց՝ ներկայիս համագործակցությունը հիմնականում կրթական ծրագրերի ու ժամանակ առ ժամանակ անցկացվող զորավարժությունների մակարդակով է։

«Եթե խոսքը վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ ոչ թե Հայաստանի և ՆԱՏՕ-ի առանձին անդամ պետությունների, ապա հիմնականում խոսքը գնում է կրթական ծրագրերի մասին։ Եղել են նաև զորավարժություններ, որոնցում Հայաստանը որոշ կարգավիճակով մասնակցել է։ Բայց այս պահի դրությամբ՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դրանով սահմանափակվում են, այսինքն՝ դրանք ընդլայնված բնույթ չունեն»,- ասաց Ներսիսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, փորձագետն ընդգծում է՝ այդ թեմայի քննարկումը այժմ ոչ միայն գործնական հեռանկար չունի, այլև տեսական իմաստով դժվար իրականանալի է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերը․

«Հայաստանը չի կարող մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ նույնիսկ եթե ցանկանա։ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որի հետ հարաբերություններում լուրջ խնդիրներ ունենք։ Թուրքական վետոն կարող է արգելակել Հայաստանի հնարավոր թեկնածությունը՝ անգամ սկզբնական փուլում։ Մենք տեսանք, թե ինչպես էր Թուրքիան խոչընդոտում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացին, այն դեպքում, երբ այդ երկրները գրեթե ամբողջությամբ ՆԱՏՕ-ական ստանդարտներով զինված բանակներ ունեն»։

Ներսիսյանի համոզմամբ՝ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման նույնիսկ քաղաքական օրակարգում չէ․

«Այս պահին անգամ որևէ մակարդակում նման բան չի քննարկվում։ Ի՞նչ կլինի 5 կամ 10 տարուց՝ դժվար է ասել, բայց այսօր պետք է գնահատենք իրատեսական հնարավորությունները։ ՆԱՏՕ-ի անդամները հիմնականում չունեն էքզիստենցիալ սպառնալիքներ։ Այդպիսին դառնալու համար Հայաստանն ամենաքիչը պետք է կայուն անվտանգային քաղաքականություն ունենա ու վերականգնի իր արտաքին վստահելիությունը»,– եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն