Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 7-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հերթական հակաեկեցական գրառումն է կատարել՝ թիրախավորելով Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև ներկայումս կալանավորված Միքայել և Բագրատ Սրբազաններին։ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- գրել է կառավարության ղեկավարը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ սրանով Փաշինյանը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։ «Գերագույն սրբապիղծը ֆեյսբուքով փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։ Այդ գործողությանը մասնակից բոլոր «իրավապահները» ինձ համար մեկին-մեկ նույնացվելու են 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած ելուզակներին»,- գրել է նա։
Ազգային ժողովն այսօր ավարտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցի քննարկումը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր էլ շարունակում էր պնդել, որ բավարար ապացույցներ կան միջնորդագրերը բավարարելու համար։ «Տալ մեզ հնարավորություն քրեական հետապնդման ենթարկել անձին, ում գործողությամբ, ըստ էության, օրինականացվել է ապօրինի գույք»,- պնդում էր նա ։ Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Երկրորդ միջնորդությամբ էլ դատախազությունը նշում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: Շաբաթվա վերջին էլ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդագիրն էր քննարկվում։ Հակադարձելով գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր պատգամավորն իր ծավալուն ելույթում պնդեց՝ սա ընդամենը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է, ապա կոչ արեց իր ինտելեկտը չվիրավորել նման մեղադրանքով։ Ավելի ուշ Սեյրանն Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ազգային ժողովում այսօր իրավիճակը լարվեց, երբ քննարկվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործի մասին: Ընդդիմադիր պատգամավորները, ըստ երևույթին, մեկնաբանություն արեցին այս հարցի վերաբերյալ, ապա Արթուր Սարգսյանն՝ ինքը ևս տեղից մեկնաբանություն արեց: «Նստի՛ր տեղդ, հանգստացի՛ր, վե՛ր ընկի տեղդ», - հորդորեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը: Գլխավոր դատախազն ավելի վաղ միջնորդել էր, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին էլ մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործով: Ըստ միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ Սրբազանն ու «Սրբազան շարժման» այլ անդամներ պլանավորել են ահաբեկչություն կատարել: Ընդդիմադիր պատգամավորը քրեական գործը շինծու էր որակել, երբ իրավապահները խուզարկում էին նրա տունը, այդ օրը կալանավորեցին շարժման առաջնորդին ու ևս 14 համախոհի:
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ չի իմացել, որ 2018-ին թվականին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին է հարթակ տրամադրել։ «Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, դաշնակցությունն էլ «միացել» էր հեղափոխությանը, հեևաբար կարիք չկար, ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք: Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ: Հիմա խնդրում եմ ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր անձնագիրդ ցույց տո՞ւր: Բնականաբար ասեցի շատ լավ»,-ասել է Ռուբինյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների քննադատություններին։ Վերջինիս խոսքով՝ երբ պարզվել է, որ բեմ բարձրացած անձը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի, իրենք հրապարակային ներողություն են խնդրել։
Մանրամասները՝ տեսանյութում: