Օդ տատանողը. ինչո՞ւ Փաշինյանը կրկին քամուն տվեց խոսքը
copy image url

Օդ տատանողը. ինչո՞ւ Փաշինյանը կրկին քամուն տվեց խոսքը

Ներքին Միտք 8 ժամ առաջ - 09:30 06-07-2025
Հանրության մի մասը հանդիմանում է Նիկոլ Փաշինյանին խոսքը քամուն տալու, համար։ Ինքն էլ է, հավանաբար, վատ զգում դրանից։

Օրեր առաջ՝ հունիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնել և անցնել բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ «Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։ Հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»։

Հուլիսի 5-ն անցավ, այսօր հուլիսի 6-ն է։ Փաշինյանը ոչ մի տպավորությամբ չի կիսվել։ Ինչո՞ւ հերթական անգամ խոսքը քամուն տվեց և դատարկախոսի անուն վաստակեց։

Հանրության մի հատված չի խորանա այս հարցի մեջ, համոզված լինելով, որ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, նրա համար խոսքն արժեք ունի միայն որպես մանիպուլյացիայի գործիք։ Այս առումով՝ զարմանալի չէ, որ նա հուլիսի 5-ին ոչ մի տպավորությամբ չկիսվեց։ Այսինքն՝ հանրության այս հատվածը չէր էլ սպասում, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքին հետամուտ է լինելու ու հուլիսի 5-ին կիսվելու է տպավորություններով։

Հանրության մի ստվար զանգված, սակայն, լիահույս էր, որ Փաշինյանը կարող է այս կարևոր հարցում մի բան անել։ Նրանց զզվեցրել է հանրային խոսքի մակարդակի այսօրինակ այլասերումն ու անկումը։ Նրանք նաև գիտակցում են, որ հանրային, հրապարակային խոսույթում հայհոյախոսությունը ազգային անվտանգային սպառնալիք է, կարող է հանգեցնել ոչ միայն ժողովրդի այլասերմանը, այլև պետության կործանմանը։ Փաշինյանի հիշյալ գրառումից հետո հանրության այս հատվածը հույսով էր լցվել, որ հրապարակային խոսքը առաջիկայում կմաքրվի կեղտից, սակայն այսօր, հավանաբար, հիասթափված է, քանի որ Փաշինյանը հերթական անգամ խոսքը քամուն տվեց։

Դեռ հունիսի 28-ին որոշ քննադատներ կասկած հայտնեցին, թե այս գրառումը ոչ թե հայհոյախոսությունը դադարեցնելու, այլ այն ավելի ընդլայնելու, մարտավարություն դարձնելու մասին է։ Ենթադրվում էր որ հուլիսի 5-ին Փաշինյանն այս թեմային կանդրադառնա ու կնշի, որ ընդդիմախոսները հայհոյախոսությունը շարունակում են։ Եվ քանի որ հայհոյախոսությունը դադարեցնելու մասին իր առաջարկը մերժվել է ժողովրդի մի մասի կողմից, ապա ինքը շարունակելու է հայհոյել։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ էր ակնարկել, հրահանգելու է ՔՊ-ականներին և իր համակիրներին անխտիր հայհոյել բոլորին, որոնք հանդես կգան որպես ՔՊ-ի մրցակից կամ պոտենցիալ մրցակից, կքննադատեն կամ կվատաբանեն Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ սպասվում էր, որ նա հուլիսի 5-ին հանդես է գալու հայհոյանքը որպես ՔՊ մարտավարություն կիրառելու մարտակոչով։

Կա նաև լավատեսական հայացք։ Լավատեսները կարծում են, թե Փաշինյանը որոշել է երկարաձգել միակողմանի մորատորիումը։ Սպասվում է, որ այդ մասին նա, հավանաբար, կհայտնի այսօր։ Այսինքն՝ կասի, որ հուլիսի 6-ից չի վերսկսելու հայհոյախոսւթյունը։ Եվ մի քանի օր կամ գուցե շաբաթներ ևս ինքը վետո է դնելու իր հայհոյախոսության վրա, մաքուր է պահելու բերանը, ինչպես վայել է հավատացյալին, հոգևորականին եղբայրաբար վերաբերվողին։

Ի վերջո՝ կա տեխնիկական հիմքով պայմանավորված վարկած։ Չի բացառվում, որ Ֆեյսբուքը երկարաձգել է 1-շաբաթյա պատժամիջոցը հայհոյախոս օգտատեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այսինքն՝ այն չի լրացել հուլիսի 5-ին, այլ երկարաձգվել է։ Այս է պատճառը, որ համակիրներին ուղղված հայհոյելու մարտակոչը մի կողմ դրվեց։

Կարճ ասած՝ անկախ այն բանից, թե ինչն է իրական պատճառը, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խոսքը քամուն տվեց, ժողովրդին հիմք տալով ասելու, որ Փաշինյանի խոսքն իմաստ, արժեք չունի, օդի տատանում է ընդամենը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված