Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 09:53 06-07-2025

Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր, այսօր արդեն Էրդողանի ոտքն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Էրդողանը հույս է հայտնում, որ ռուս-ադրբեջանական հակամարտության սրումը չի հասնի կրիտիկական աստիճանի, նշելով, թե Թուրքիան ռազմավարական հարաբերություն ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ:

Այստեղ թերեւս կա ուշադրության արժանի մի նրբերանգ: Էրդողանը գոնե առայժմ չի առանձնացնում Ադրբեջանին, այսինքն դիրքավորվում է համաչափ հեռավորության վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ իրավապայմանագրային փաստաթղթային բազան իհարկե շատ ավելի սերտ է: Ի վերջո, Ռուսաստանի եւ «կրտսեր եղբոր» այսպես ասած բախման պարագայում նա արձագանում է հավասարության նշանով, գոնե հրապարակավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ Էրդողանը «կուլիսներում» չի ոգեշնչի Ալիեւին՝ Պուտինի հանդեպ ավելի հանդուգն լինելու համար: Ավելին, օկուպացված Ստեփանակերտ այցելությունը՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ուներ այդ իմաստով բավականին ցցուն սիմվոլիկա:

Ընդամենը մեկ տարի առաջ դեռ ուժի մեջ էր Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ ներկայության մասին համաձայնությունը, որը 2024-ի ապրիլին չեղարկվեց Պուտինի եւ Ալիեւի փոխադարձ պայմանավորվածությամբ: Այստեղ իհարկե էական գործոն է այն, որ հայաթափվեց Արցախը, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Իհարկե սա ամենեւին անհիմն մեղադրանք չէ, անշուշտ: Բայց, անգամ, եթե այդպես է, դրանից իհարկե Ռուսաստանի պարտությունը ոչ միայն չի «արդարանում», այլ դառնում է ավելի աղաղակող: Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր՝ ինչպես կասեր Պուտինը, այսօր արդեն Էրդողանի ոտքն է:

Միեւնույն ժամանակ սակայն, Էրդողանը մտածում է ինչպես Պուտինը: Դա է պատճառը, որ նրանք ընդհանուր առմամբ լավ են հասկանում ու զգում իրար: Եվ Էրդողանը, որն ինքը պլանավորում է շատ հեռահար, պատկերացնում է նաեւ Պուտինի հեռահար պլանավորումը: Նրանք չափում են տասնամյակներով, ու այստեղ Էրդողանի համար կա խնդիր: Որքան էլ նա էապես ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդուհանդերձ ուկրաինական պատերազմը նրա համար ունի մի շատ մտահոգիչ ասպեկտ, գոնե առայժմ:

Դա Պուտինի վա-բանկ խաղն է: Եվ այդ հանգամանքը համենայն դեպս ամրագրվեց նաեւ Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջի Ուկրաինայում իր դրած նպատակներից: Այսինքն, վա-բանկը վերհաստատվել է:

Իսկ Թրամփը հետո ասում է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է: Այսինքն, Թրամփը արձանագրում է, որ Պուտինի վա-բանկը հուսահատության կամ էմոցիայի դրսեւորում չէ, այլ պրոֆեսիոնալ հաշվարկի:
Իսկ այդ վա-բանկը չի վերաբերում միայն Ուկրաինային, Էրդողանը դա լավ է պատկերացնում: Ահա թե ինչու է նա շահագրգռված ուկրաինական հարցում միջնորդությամբ եւ որեւէ արդյունքի հասնելով, որպեսզի «կոտրի» հենց այդ տրամաբանությունը, որը Պուտինը վաղ, թե ուշ հասցնելու է նաեւ Կովկաս:

Ուկրաինական հարցում Թուրքիան փորձում է ընդամենը կանխարգելել ընթացքը, որն իր հաշվարկով վաղ թե ուշ հենց իրեն է դնելու Ուկրաինայի դերում: Ուկրաինայի դերում զուտ այն իմաստով, որ հարկ է լինելու ընտրել՝ կամ պատերազմ միջուկային Ռուսաստանի դեմ՝ նոր ռուս-թուրքական պատերազմ, բայց արդեն Ռուսաստանի միջուկային զինանոցով, կամ հարկ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի