Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:15 01-07-2025

ՀԷՑ-ը խլում են, բոյկոտողները կտուգանվեն, դատախազը կգա ԱԺ, Փաշինյանը «չի նահանջում»․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 1-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ազգային ժողովն այսօր մեկնարկած արտահերթ նիստում քննարկում է իշխանությունների աղմկահարույց օրենսդրական նախաձեռնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետականացնելու վերաբերյալ։ Խոսքը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի մասին է։ Օրինագծի համաձայն, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է վարչական վարույթ սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Օրենսդրական փաթեթը նախատեսում է ընկերության ազգայնացման համար իրավական հիմքերի ստեղծում: Խորհրդարանական ընդդիմությունը խստորեն քննադատել է այս նախաձեռնությունը՝ հիշեցնելով, որ օրենսդրական փաթեթի խորհրդարան ներկայացնելուն նախորդել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԷՑ-ը պետականանցնելու վերաբերյալ։ «Թռնեք օդ, իջնեք ներքև` միևնույնն է` սա ՀԷՑ–ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ փաթեթավորումներ փորձեք անել»,- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ հարցուպատասխանի ժամանակ շեշտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ազգային ժողովում քննարկվում է նաև հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին մինչև 15 հազար դրամով տուգանելու նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ արժանացավ ընդդիմության կոշտ քննադատությանը: Օրինագծով քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել սարքին վճարման համար: ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի հաշվարկով տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում: «Դա նաև մնացած 70-75 տոկոսի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն, և կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է արագ», - ասաց նա: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կտրականապես չի ընդունում նախագիծը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ այս փոփոխությամբ իշխանությունները քաղաքացիներին դարձնում են «տուգանքի մատերիալ»: «Իմ խորին համոզմամբ և ցանկացած ողջամիտ վերլուծության դեպքում՝ այս նախագիծը ՀՀ քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշանակելու մասին է», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Ինչպես ՀԷՑ-ը պետականացնելու, այնպես էլ չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագծերը խորհրդարանում քննարկվում են 24 ժամյա ռեժիմով։

Ալեն Սիմոնյանն այսօր հայտնել է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Թե քրեական ինչ գործի շրջանակում, նա չմանրամասնեց։ Արթուր Սարգսյանի տանն էլ էր հունիսի 25-ին խուզարկություն իրականացվել, սակայն նա չէր տեղափոխվել Քննչական կոմիտե: Այս օրը մի շարք խուզարկություններ ու ձերբակալություններ էին ընդդիմադիրների շրջանակում: Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս հարցի քննարկումը նախատեսված էր դեռ վերջին քառօրյային, սակայն ինչպես այդ ժամանակ, այսօր էլ մեկնարկած արտահերթի օրակարգում ընդգրկված չէ: Հարցին, թե ո՞նրն է պատճառը, և ե՞րբ են քննարկելու դատախազի միջնորդագրերը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ դատախազը պետք է պատրաստվի: Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ գլխավոր դատախազը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում:

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև: Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նշվում է, որ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ, դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները, ողջունել է հակամարտության դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազեցմանը: Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը