Երևանի քաղաքապետարանն այս շաբաթվանից փորձնական գործարկում է YES Երևանի էլեկտրոնային ծանուցումների հարթակը։ Այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակա ներկայացվեց, որ Yerevan electronic services՝ YES հարթակում ներառված են գրեթե բոլոր ծառայությունները՝ թվայնացված տարբերակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ցանկալի կլինի, որպեսզի բացի վեբ ֆորմատից հարթակն ունենա նաև հավելվածներ Android-ի և IOS-ի համար։
«YES հարթակի իրականացումը նախաձեռնվել է այն նպատակով, որ քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնել ամբողջապես։ Հարթակի միջոցով հենց այսօր էլ կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել և օգտվել Երևանի քաղաքապետարանի ծառայություններից հենց տանից՝ առանց դուրս գալու, առանց հավելյալ խոչընդոտների»,- ասաց Ավինյանը։