Երեկ հունիսի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդյունքում, բացահայտել են հունիսի 18-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ավազակային հաձակման դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 02:50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մարզերից մեկի բնակիչ 52-ամյա Սիրանուշ Շ.-ն և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ Երևանում՝ Կիևյան 1 հասցեի մոտ գտնվող բնակելի շենքի կամարակի մոտ, իրեն է մոտեցել ազգությամբ հնդիկ մի տղամարդ, ով բռնել է իր պայուսակից, ապա իր կամքին բռնանալով՝ իրեն քաշելով տարել է դեպի կամարակի ներս, հրել և գցել գետնին, ինչի հետևանքով իրեն մարմնական վնասվածք է պատճառվել։
Դրանից հետո այդ տղամարդը ուժի գործադրմամբ քաշել և պոկել է իր պայուսակի բռնակը, ապա գողացել պայուսակն ու դիմել փախուստի։
Դեպքի վայր մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի, ինչպես նաև Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողներին Սիրանուշ Շ.-ն հայտնել է, որ պայուսակում եղել են իրեն պատկանող «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և բջջային հեռախոսը։
Ապա երբ այդ տղան դիմել է փախուստի, ինքը որոշ ժամանակ անց մոտեցել է Կիևյան 3 հասցեի մոտ կայանված՝ իրեն պատկանող մեքենային, սակայն նկատել է, որ ավտոմեքենան տեղում չէ, ու ինքն ունի կասկածներ, որ այն գողացել է այդ հնդիկը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մի քանի օր Երևանի քրեական ոստիկանների կատարած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվում է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։
Քրեական ոստիկանները, մեկնելով նշված վայր, կարողանում են հայտնաբերել ու նրան բերման ենթարկել Երևանի քրեական ոստիկանություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան և հեռախոսը նույնպես հայտնաբերվել են։