«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են իջնել ներքեւ։ Այս վարքագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող, հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներով։ Կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ներկայանալ հանրային հարթակներում կամ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրանք իրենց մտերիմների շրջանում խոստովանում են՝ «այս ընթացքում պետք չէ երեւալ, քանի որ պատասխաններ պարզապես չունենք լրագրողների բազմապիսի հարցերին»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։ «Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։ Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձեւավորելու եւ հարձակվելու ռիսկերը: Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ: ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։ Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։ Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։