Աննա Հակոբյանն Անթալիայում հանգստացե՞լ է, ուժայիները կխրախուսվեն, Աջապահյանը չի վախենում․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 20:13 26-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 26-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից։ Քրեական վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել: Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանն իր հարցազրույցներում մի քանի անգամ նշել է ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտությունը։ 2023-ի սեպտեմբերի 26-ին՝ Արցախի բռնազավթման և հայաթափման օրերին, նա Oragir.News-ի հետ զրույցում էլ նշել էր, որ դավաճանական իշխանության հեռացումը հնարավոր է միայն ռազմական հեղաշրջման ճանապարհով։ Նրա խոսքով՝ ռազմական հեղաշրջում պետք է իրականացվի, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա Էրմենիստան։ Oragir.News-ն այսօր էլ կապ հաստատեց Սրբազանի հետ, ով նշեց, որ չի վախենում կալանավորվելուց, ապա հավելեց․ «Երևի ես ավելի մեծ սպառնալիք եմ այս երկրի համար, քան թե վարչապետի աթոռը զբաղեցնողը»։

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում բարձր է գնահատել Բագրատ Սրբազանին և մյուս ընդդիմադիրներին ձերբակալած իրավապահների աշխատանքը։ Նրա խոսքով՝ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է նաև այդ պլանի իրագործումը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: «Առավոտյան հարցը քննարկել եմ նաև հանրապետության նախագահի հետ: Կարծում եմ՝ իմաստ կունենա ԱԱԾ, դատախազության ՔԿ-ի ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման և պետական պարգևի»,- ասաց նա։ Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երեկ օգտատերերի մի խումբարձանագրում էր, որ Հայաստանում ում նոր հոկտեմբերի 27 է կանխվել։

Կառավարության ղեկավարն ադրադարձել է նաև ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ նշելով, որ դա պետք է տեղի ունենա շատ արագ։ «Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ նշելով, որ հարցը քաղաքական մակարդակով քննարկվել է և համապատասխան օրենքի նախագիծն այսօրվա օրակարգում է: «Մենք ինչ-որ պահի պետք է ապահովենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել», - նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին բարձրաձայնեցին այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն աջակցություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն և կալանավորվեց։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, հունիսի 19-ից 22-ը հանգստացել է Անթալիայում, որի նպատակով 100 հազար եվրո է ծախսել։ Ըստ հրապարակումների՝ Հակոբյանը հանգստացել է Անթալիայի ամենահայտնի և թանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում, բացի այդ վճարել է շամպայնով լոգանքի, անձնական յոգայի մարզչի, զբոսանավ վարձակալելու և առանձնահատուկ սպասարկման համար: Ինքը՝ Աննա Հակոբյանը հերքել է թուրքական լրատվամիջոցների հրապարակումները՝ դրանք հեքիաթ որակել, ապա թիրախավորել դրանք հրապարակող լրագրողներին և լրատվամիջոցների, սակայն թուրքական լրատվամիջոցների հասցեին Հակոբյանն անգամ մի թթու խոսքի չի ասել։ Փաշինյանի քաղաքացիական կինը հայտնել է, որ նշված օրերին իր դուստրերի հետ ճանապարհորդել է Սյունիքի մարզում, և միայն կիրակի օրը՝ հունիսի 22-ին տանն է մնացել։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիայում էր, որտեղ ջերմ հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: