Ուղիղ եթեր
Ինչո՞ւ են գաղտնի պահում «Կրթվելը նորաձև է» միջոցառումների ծախսերը
copy image url

Ինչո՞ւ են գաղտնի պահում «Կրթվելը նորաձև է» միջոցառումների ծախսերը

Միտք Ներքին 5 ժամ առաջ - 15:30 17-06-2025
«Կրթվելը նորաձև է» շարժմանը բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, հայտնել է վարչապետի աշխատակազմը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Այս պատասխանը հանրային վրդովմունք է հարուցել։

Ինչո՞ւ են գաղտնի պահում, ի՞նչ են թաքցնում ժողովրդից։

ԱԺ-ում հունիսի 6-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Կրթվելը նորաձև է» միջոցառումները վարչապետի համար առաջնահերթ են, և ծախսերը կատարվում են աշխատակազմի միջոցների հաշվին։ Նկատենք, որ աշխատակազմի ղեկավարն այդ օրը ներկայացրել է, թե ինչ ծրագրեր են իրականացրել 2024-ին, ինչ ծախսեր կատարել։ «2024թ.-ին իրականացրել է 63 միջոցառում 11 ծրագրի շրջանակում, ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 93.1 տոկոսը»,- տեղեկացրել է նա։

Եթե վարչապետի աշխատակազմի ծախսերը պետական գաղտնիք լինեին, ապա նա թվեր չէր հրապարակվի։ Այսինքն՝ աշխատակազմի իրականացրած ծրագրերի ֆինանսավորման մասին տեղեկությունները գաղտնիք չեն։ Հետևապես՝ ենթադրելի է, որ «Կրթվելը նորաձև է» միջոցառումների ֆինանսավորումն ու ծախսերը ևս պետական գաղտնիք չեն։

Պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը բաղկացած է 50 կետից։ Վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված մարմին է։ Բայց նրա իրականացրած ծրագրերի ֆինանսավորումը պետական գաղտնիքների ցանկում չէ։ Ցանկի 48-րդ կետում նշված է՝ «Պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին տվյալները, եթե դրանք կարող են բացահայտել թվարկված տեղեկությունները»։ Այս հիմքով կարող են ասել, թե վարչապետի պահպանության, անվտանգության ծախսերը գաղտնի են։ Սակայն հարցը չի վերաբերվում այն բանին, թե ՊՊԾ-ին ինչքան փող են տալիս, որ ապահովեն վարչապետի անվտանգությունն ու պահպանությունը «Կրթվելը նորաձև է» միջոցառումների ժամանակ։ Հարցն այն է, թե «Կրթվելը նորաձև է» միջոցառումներն իրականացնելու ծախսերն ինչո՞ւ են գաղտնի պահվում։

Պետական գաղտնիքի մասին օրենքում նշված է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին։ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը բոլորին համոզում են, թե «Կրթվելը նորաձև է» հանդիպումները հանրօգուտ, ազգօգուտ են։ Դրանց արդեն մասնակցել են 8 հազար մարդ։ Փաշինյանը պարբերաբար կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցել այս հանդիպումներին։ Ուստի՝ այդ ծախսերը գաղտնի պահելու ողջամիտ հիմք չկա։ Հակառակը՝ դրանց հրապարակումն ավելի մեծ վստահություն կներշնչեր, ավելի շատ մարդ կմասնակցեր, հարցեր կտար ու կլսեր Փաշինյանի պատասխանները։ Բայց ի հեճուկս ողջամտությանը՝ միջոցառումների ֆինանսավորումը գաղտնի են պահում։

Սա էլ ամենը չէ։ Ոչ միայն միջոցառումների ֆինանասավորումն է գաղտնի, այլև բուն հանդիպումները չեն լուսաբանվում, դրանց մասին ռեպորտաժներ չեն պատրաստում, որ ժողովուրդն իմանա, թե ի՞նչ են խոսում այդ հանդիպումների ժամանակ, ի՞նչ հարց են տալիս երկրի ղեկավարին ու ի՞նչ պատասխան ստանում։ Խորհրդավոր գաղտնիության քողի տակ է ամենը, ինչն էլ հիմք է տալիս հոռետեսական կասկածների, թե ապապետական, վտանգավոր ու սխալ բաների մասին են խոսում։ Լավագույն դեպում այնպիսի բաների մասին են խոսում, որոնք պետության ու ժողովրդի հետ կապ չունեն։

Կարճ ասած՝ եթե «Կրթվելը նորաձև է» միջոցառումների ֆինանսավորումը գաղտնի են պահում, այդպիսով ուղիղ ակնարկում են, որ այդ միջոցառումների մասին տեղեկությունների տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ ազգային անվտանգությանը կամ շահերին։ Հետևապես՝ հոռետեսական կասկածներն այդ հանդիպումների վտանգավորության մասին, դառնում են ողջամիտ։

Թաթուլ Մկրտչյան