Պետբյուջեից վերաբաշխում կատարելու արդյունքում կհիմնանորոգվի Բջնի բնակավայրի ամրոց տանող ճանապարհը: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել և ավարտել այս տարի: Սրանով այս փուլում կամբողջացվեն Բջնիի զբոսաշրջային կլաստերում մեր կապիտալ ներդրումները: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 5-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ Բջնիի եկեղեցու վնասված պատն արդեն վերականգնված է: Նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր. հիշո՞ւմ եք, որ Բջնիի ամրոցում, որը մեր պատմամշակութային հիշարժան հուշարձաններից մեկն է, ինչ իրավիճակ ունեինք: Մի քանի բջնեցիներ, ոչ իրենց մեղքով, բնականաբար, դիմացը տներ էին կառուցել, նաև ընկույզի ծառեր տնկել, որոնք ամբողջությամբ պահպանված պարիսպները փակում էին արտաքին տեսադաշտից:
Մենք ի՞նչ որոշման գնացինք. գերակա շահի մասին որոշում կայացրինք: Իհարկե, հեշտ չէին բնակիչների հետ քննարկումները և բանակցությունները, բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ ինքան էլ դժվար էր, այնուամենայնիվ, ինչ-որ մի ըմբռնման եկանք: Չգիտեմ՝ արդյունքում նրանք ինչքանով գոհ կամ դժգոհ մնացին մեզնից, բայց խնդիրն այն է, որ հուշարձանը պետք էր բացել, որովհետև դա, ըստ էության, պետական կապիտալ է, ժողովրդական կապիտալ է, ժողովրդական հարստություն է, և չէր կարելի դա, ամենայն հարգանքով, ընկույզի ծառերի հետևում թաքցնել:
Մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջնի ամրոցի պարիսպները, և երեկոյան ժամերին Բջնիի պարիսպները տեսանելի են բավականին հեռվից»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Հրազդան-Բջնի ավտոճանապարհն էր հիմնանորոգվել, որը, ըստ վարչապետի, Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է:
«Ես երբեք նախկինում՝ մինչև այդ ճանապարհի հիմնանորոգումը, այդ ճանապարհով չէի անցել, բայց երբ անցա, համոզվեցի, որ զբոսաշրջային հսկայական պոտենցիալով մի մեծ տարածք ենք բացել և բացահայտել:
Դրանից հետո այդ ճանապարհով գնալիս, երբ ես այցելեցի Բջնիի եկեղեցի, տեսա, որ եկեղեցու պատը փլուզման շեմին է, որովհետև հենակներ էին դրված, որպեսզի պատը շուռ չգա: Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրինք, Կառավարությունը գումար հատկացրեց, և Բջնիի եկեղեցու պատը հիմնանորոգվեց»,- ասաց նա:
Շատ վատ վիճակում էր նաև Բջնիի ամրոց տանող ճանապարհը, այն զբոսաշրջային հոսքերի ապահովման համար խնդրահարույց էր, և ահա Կառավարության՝ հունիսի 5-ին ընդունված որոշման շնորհիվ կհիմնանորոգվի նաև Բջնիի ամրոց տանող ճանապարհը:
«Այսքան մանրամասն պատմեցի ինչի՞ համար. որ մեր ներգնա զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրենք զբոսաշրջային այս շատ կարևոր ուղղության վրա, որովհետև, իսկապես, Բջնիում տեսնելու, զգալու, ապրելու բան կա, որը մեր պատմության շատ կարևոր կետերից է, և, իհարկե, Բջնիի, Բջնիի ամրոցի, իրադարձությունների մասին էլ շատ բան կարելի է կարդալ: Հույս ունեմ, որ զբոսաշրջային հոսքը Բջնիում տնտեսական նոր ակտիվություն կբերի»,- ասաց նա: