2018-ի համեմատ 50 չէ, 100%-ով վատ ենք ապրում․ հարցում

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, քան 2018-ից առաջ։

«2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս։ Նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին, թե մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հիմա 50%-ով ավելի լա՞վ եք ապրում, քան 2018-ից առաջ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, մի քնաի քաղաքացիների կարծիքով էլ՝ որոշ հարցերով դրական փոփոխություն կա։

«50 չէ, 100% վատ ենք ապրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիմա ընդհանրապես լավ չեն ապրում։ «Չէ, հիմա հեչ լավ չենք ապրում։ Էս ինչ ապրել ա, գոյատևում ենք մենք։ Ինքը շատ լավ ա ապրում, աղքատությունից հելավ մինչև վերջ, լավ ա ապրում, բայց մենք հեչ։ Մենք տեսած մարդ էինք, հիմա դառել ենք ամենածայրագույնը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ իրենք Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում։ «Ոչինչ չի փոխվել։ Մենք Նիկոլ Փաշինյանին չենք հավանում, չենք ուզում։ Ավելի լավ ա ուրիշ խելացի, հայրենասեր, մեր ժողովրդի մասի մտածող ղեկավար ընտրվի»,- ասաց նա։

«Չեմ կարծում, ինչ-որ կյանքի որակի հետ կապված բաներ կան, որ լավացել են, բաներ կան, որ չէ, բայց 50%-ով դժվար»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։