Միասին գնացել ենք Արցախ, եղել դիրքերում․ Վազգեն Սարգսյանի եղբորորդու հիշողությունները
copy image url

Միասին գնացել ենք Արցախ, եղել դիրքերում․ Վազգեն Սարգսյանի եղբորորդու հիշողությունները

Ավելին 1 օր առաջ - 14:40 04-06-2025
Մարտին մեծ էկրաններ բարձրացավ Genetic Production-ի «Վազգեն․ վերջին Սպարապետը» ֆիլմը, որը նվիրված է սպարապետի կյանքին, դժվարություններին եւ այն կողմերին, որոնք քիչ բացահայտված են եղել հանրությանը։ Ֆիլմի պրոդյուսերը նրա զարմուհին՝ Նոնո Սարգսյանն է, իսկ վերջին կադրերում հանդիսատեսը տեսնում է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբորորդուն՝ Կառլեն Սարգսյանին։ Ֆիլմում մի շարք դրվագներ հյուսված են Վազգենի ու Կառլենի մտերմության, նրանց երկխոսությունների շուրջ։ NEWS.am STYLE-ը զրուցել է Կառլենի հետ՝ փորձելով բացահայտել ավելին՝ հորեղբոր հետ նրա մտերմության, առօրյայի, նախասիրությունների, նմանությունների ու տարբերությունների շուրջ։

Կառլենը խոստովանեց՝ ի սկզբանե, չէր ցանկանում նկարահանվել, քույրը՝ Նոնոն է համոզել։ «Զանգահարեց ու ասաց՝ «Եթե դու չնկարահանվես, ես քեզ չեմ ների»: Բայց իմ մտքով անգամ չէր անցնի, որ ես ֆիլմում պետք է նկարահանվեմ: Հետո ինքս մտածեցի, որ արժե դա անել, քանի որ դա հորեղբորս նվիրված ֆիլմն է»:

Կառլենը ֆիլմի մասին շատ արձագանքներ է լսել, ասում է՝ «Այն շատ սպասված էր ու, երեւի, ավելի շուտ պետք է նկարահանվեր»:

Նրա խոսքով՝ ազգականներն ու ընկերները շատ չեն զարմացել ֆիլմում իր ներկայությունից, քանի որ տեղյակ էին այդ մասին: «Կարծում եմ՝ խորհրդանշական է նաեւ Նոնոյի այնտեղ լինելը. նա, ասես, կյանք է տալիս ֆիլմին»,- ասում է նա։

Վերհիշելով հորեղբոր հետ անցկացրած մանկությունն ու իրենց երկխոսությունները՝ Կառլեն Սարգսյանը պատմում է․ «Իմ կյանքի ամենամեծ երազանքը եղել է այն, որ ես նրա թիկնապահը դառնամ. ես նրան միշտ ասում էի, որ երբ մեծանամ, ուզում եմ իր անձնական թիկնապահը դառնամ: Բայց այնպես չէ, որ ես երազում էի թիկնապահ դառնալու մասին, ես միայն իրեն էի ուզում պաշտպանել: Նրա հետ շատ տեղերում եմ եղել՝ միասին գնացել ենք Արցախ, իր հետ եղել եմ դիրքերում: Ես երեխա էի այն ժամանակ, ու գնում էի իր հետ ամենուր, ու գիտեի, որ հաջորդ օրն էլ միասին ֆուտբոլ ենք խաղալու: Եթե ժամանակ չէր լինում խաղերի համար, պարզապես իր հետ գնում էի պաշտպանության նախարարություն»:

Կառլենը հիշեց նաեւ մի դեպք, որը թեթեւակիորեն շոշափված է ֆիլմում․ «Մի անգամ մեքենայի մեջ ինձ ասաց՝ «Կներես ախպերս», հարցրի՝ «Ինչի՞ համար». ասաց՝ «Որ մեծանաս, կհասկանաս»… Ֆիլմում, իհարկե, ավելի նուրբ է նկարված, ինքը մի օր հորս վրա շատ լուրջ բարկացած էր, եւ կարծում եմ՝ նեղվել էր, որ իմ ներկայությամբ հորս հետ կոպիտ էր խոսել»:

Հարցին՝ որքանո՞վ է հորեղբոր հետ շփումն ազդել իր բնավորության ձեւավորման վրա, Կառլենը պատասխանեց․

«Կդժվարանամ ասել՝ արդյոք նրա հետ շփումն ազդե՞լ է իմ բնավորության ձեւավորման վրա, որովհետեւ փոքր եմ եղել. դա կարող են կողքից ասել, բայց կարծում եմ՝ նմանություններ կունենանք, երբեմն, նույնիսկ, դեմքով են նմանեցնում: Բնավորության գծերից էլ նմանություններ կլինեն, բայց, գլոբալ առումով, կարծում եմ՝ ինքը բոլորից ավելի հզոր էր ու ուժեղ:

Կարծում եմ՝ նրա բնավորության ամենանուրբ կողմերը բացահայտված են հենց ֆիլմում: Սիրում էր երգել: Հիշում եմ՝ մի անգամ առիթի ժամանակ ասաց՝ միասին երգենք. բայց, իհարկե, ինքը լավ էր երգում, ես՝ ոչ, էդպես հումորային պահ ստացվեց:

Մի անգամ դպրոցից տուն եկա, ու նեղված էի՝ ֆուտբոլ էինք խաղացել, պարտվել էի, կռիվ էի արել. եկա տատիկիս պատմեցի, որ պարտվել եմ, կռիվ արել, ու ինքը սկսեց լաց լինել, ասաց՝ «Վազգենն էլ էր այդպես դպրոցից տուն գալիս, եթե պարտվում էր. պիտի անպայման կռիվ աներ, որովհետեւ ինքը միշտ պիտի հաղթեր»: Անհամեստ կթվա ասել, թե իր նման եմ, որովհետեւ, առհասարակ, իր նման լինելը պարտավորեցնող է: Մանկական կռիվների մասին չէ խոսքը. այլ հարցերում պետք է ավելի լուրջ լինել»,-ասում է նա ու ուրախությամբ վերհիշում՝ հորեղբոր շնորհիվ ծանոթացել է մի շարք մեծությունների հետ՝ Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Հրանտ Մաթեւոսյան, Կարեն Դեմիրճյան, Գարեգին Բ., գեներալներ ու այլ ազդեցիկ մարդիկ:

Կառլենի խոսքով՝ հորեղբոր կորուստը մինչ օրս անդրադառնում է իր վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում