Ուղիղ եթեր

Մայր Աթոռի պատասխանը Փաշինյանին, Արմեն Գևորգյանի մեղադրանքը, նոր տրոլեյբուսներ չեն գնվի․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 21:49 03-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզել՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեխա ունի՞, թե՞ ոչ։ «Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ»,– լրագրողների հետ զրույցում ասել է Արշակ Սրբազանը՝ արձագանքելով համապատասխան հարցին։ «Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,- հավելել է նա։Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, Սրբազանը պատասխանել է. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք»։

Նախկին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ՝ շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ըստ կոմիտեի՝ 2000-2018թթ․ ընթացքում Գևորգյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի առաջին օգնականի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար-փոխվարչապետի ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնները, հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է ապօրինի եղանակով ստացած 4 մլրդ 921 մլն 302.379 ՀՀ դրամ եկամուտը։ Մասնավորապես, նա 2004-2018թթ․ Գևորգյանի և նրա ազգականների անուններով Երևանում և մարզերում գրանցվել է փաստացի Գևորգյանին պատկանող ընդհանուր 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Բացի այդ, նրա հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայում գտնվող ևս 10 անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 391 մլն 920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումների պատճառով Երևանի քաղաքապետարանն այս տարի չի կարող գնել պլանավորված 45 նոր տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ խոստովանելով, որ այս ամենը տեղի է ունեցել ընդդիմադիրների հայտարարած բոյկոտի արդյունքում։ «Տրանսպորտի համար չվճարելու կոչերի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը այլևս հնարավոր չէ գնել, անհրաժեշտ գումար չի հավաքվել։ Հետևաբար, այս 30 նոր տրոլեյբուսները հանվել են ցուցակից», - ասաց Կոստանյանը։ Նրա խոսքով, եթե ուղևորության համար միջոցների հավաքագրումը շարունակվի նույն տեմպերով նվազել, հնարավոր է, որ Երևանի քաղաքապետարանը չկարողանա գնել մնացած 15 տրոլեյբուսները։ Կոստանյանը հիշեցրեց նաև, որ քաղաքապետարանը նախաձեռնել է հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանքների վերաբերյալ օրինագիծ։ Այս հարցը մնում է օրակարգում, բայց որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը։

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունից մեկ օր անց այդ պաշտոնում նշանակվեց Լոռու նախկին մարզպետը, ով նախկինում ոստիկանությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել: Արամ Ղազարյանը հրաժարվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունից, քանի որ կուսակցական չլինելը օրենքի պահանջ է: Նորանշանակ ոստիկանապետի Արամ Ղազարյանի անունը մամուլում կապվում է քրեական հեղինակության՝ «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա վերջինիս հորեղբոր տղան է։ Առերևույթ այս կապի վերաբերյալ գործադիր իշխանությունը շարունակում լռել, իսկ ինքը Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե չի ցանկանում այդ հարցի շուրջ խոսել: Մինչ այդ բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ պաշտոնից ազատվեց երկու տարի պաշտոնավարած Արամ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:03 Մեր միակ տունը վաճառել ենք և վարկով տուն գնել, ինչպես տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ. Աննա Հակոբյան
18:42 Երևանի կրկեսը քանդում են, որ տեղում «մո՞լլ» բացեն
19:50 Կապանցի Նվեր Գևորգյանը պահանջում է պատասխանատվություն՝ իրեն հայհոյած ոստիկանի համար
21:36 Եթե Նիկոլին հաջողվի հաղթել Եկեղեցուն, ապա վտանգի տակ կհայտնվեն ամբողջ աշխարհում քրիստոնեական բոլոր եկեղեցիները
22:14 Արմավիրի մարզում շինարարական աշխատանքներ կատարելիս 32-ամյա տղամարդու ձեռքում նռնակը պայթել է
23:38 Եկեղեցու դեմ Նիկոլի արշավով տարված՝ հասարակությունը չնկատեց, որ Արցախի Հանրապետությունն այլևս նախագահ չունի
21:51 Նիկոլ Փաշինյանը գյուղերը միտումնավոր կդատարկե. ջրաձորցի
23:03 Նիկոլ Փաշինյանի նման լավ ղեկավար մենք էլ դժվար ունենանք. ջրաձորցի
20:26 Օձերի ու կարիճների բույն է, ոչ ոք չի համարձակվում անցնել. վտանգավոր թունել՝ Երևանում
19:21 Դավաճանի հերթական ինքնախոստովանությունը. Արսեն Ջուլֆալակյան