copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:01 24-05-2025

Վարչական դատարանը անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» թանկացումը. քաղաքացիներն իրենց գումարները հետ կստանան

Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:

Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր է ճանաչվել 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:

Երկու գործերով դիմումները կազմվել էին «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում։ Եզրափակիչ դատական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են ետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը:

Այս մասին Oargir.News-ը զրուցեց իրավաբան, սահամանադրագետ, «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի հետ, ով մանրամասներ հայտնեց դատական գործընթացից։։

«Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել 2025 թվականի համար սահմանված դրույքաչափերը, պարզ ասած՝ դրանց թանկացումը․ դա վերաբերվում է թե՛ կարմիր գծերին, թե՛ կապույտին (Մեծ Կենտրոնի «Բ» գոտին)»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին թե ի"նչ պետք է անեն քաղաքացիները, սահմանադրագետը պատասխանեց․ «Դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամանակ, անձինք ուղղակի իրենց դիմումը պետք է տան, որպեսզի իրենց գումարը հետ ստանան»։

Վահե Գրիգորյանը նշեց նաև, որ Կարմիր գծերի թանկացումն անվավեր է ճանաչվել, քանի որ թանկացումը պատճառաբանված չէ, նպատակը հիմնավորված չէ։